ԱՄՆ-ում ստորագրված փաստաթղթերը գործնականում նոր հնարավորություններ կբացեն Հայաստանի և Իրանի միջև երկաթուղային համագործակցության համար, այդ թվում՝ Նախիջևան-Ջուլֆա երկաթուղային գծի միջոցով, ինչը կնշանակի Իրանի երկաթուղային մուտքը դեպի Հայաստան և ի վերջո, դեպի Սև ծով: Այս մասին օգոստոսի 19-ին Երևանում Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ հանդիպումից հետո հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ սա ամբողջությամբ համապատասխանում է «Խաղաղության խաչմերուկ» նախագծին։ Նա տեղեկացրել է, որ Իրանի նախագահին ներկայացրել է մանրամասներ՝ օգոստոսի 8-ին ստորագրված համատեղ հռչակագրի, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին նախաստորագրված համաձայնագրի մասին։
Նրա կարծիքով՝ այս գործընթացն ուղղված է ողջ տարածաշրջանի տնտեսական զարգացման համար մեծ հեռանկարներ բացելուն։ «Ես ուրախ եմ և շնորհակալ Իրանի նախագահին այս համաձայնագրերի օբյեկտիվ գնահատման համար։ Ադրբեջանի հետ մեր առանցքային պայմանավորվածություններից մեկը վերաբերում է տարածաշրջանում հաղորդակցության բացմանը՝ երկրների ինքնիշխանության, իրավազորության և տարածքային ամբողջականության նկատմամբ լիակատար փոխադարձ հարգանքով», — նշել է Փաշինյանը։ Նա համոզմունք է հայտնել, որ տարածաշրջանային հաղորդակցության ապաշրջափակումը պետք է նպաստի Հայաստանի գործընկերների միջև երկխոսության զարգացմանը։