Ուկրաինան կպարտավորվի 100 միլիարդ դոլարի ամերիկյան զենք գնել՝ օգտագործելով Եվրոպայի կողմից տրամադրված գումարը, եթե Միացյալ Նահանգները Կիևին անվտանգության երաշխիքներ տրամադրի Ռուսաստանի հետ հրադադարի համաձայնությունից հետո։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին այս առաջարկն արել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ՝օգոստոսի 18-ին Վաշինգտոնում իր և եվրոպացի առաջնորդների հետ հանդիպման ժամանակ, գրում է Financial Times-ը՝ հղում անելով պարբերականի տեսած փաստաթղթին։
Բացի այդ, առաջարկը ենթադրում է, որ Ուկրաինան և ԱՄՆ-ը 50 միլիարդ դոլարի գործարք կկնքեն ուկրաինական ընկերությունների հետ՝ անօդաչու թռչող սարքեր արտադրելու համար։ Ընդ որում՝ փաստաթղթում չի ճշտվում, թե անօդաչու թռչող սարքերի գործարքի որ մասը կլինի գնումներ, իսկ որը՝ ներդրումներ։
FT-ի փաստաթղթում նշված չէ, թե կոնկրետ ինչ սպառազինություն է Ուկրաինան նախատեսում պատվիրել ԱՄՆ-ում առաջարկվող գործարքի շրջանակում։ Սակայն Կիևը հստակ հասկացրել է, որ մտադիր է ձեռք բերել առնվազն 10 Patriot հակաօդային պաշտպանության համակարգեր, ինչպես նաև այլ հրթիռներ և սարքավորումներ, նշվում է հոդվածում։
Օգոստոսի 18-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Սպիտակ տանը մի շարք եվրոպական երկրների առաջնորդների, Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի և Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենի (Ursula von der Leyen) հետ բանակցությունների արդյունքներով, հայտարարել է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տրամադրելու հարցը։ Երաշխիքները պետք է տրամադրեն եվրոպական երկրները՝ ԱՄՆ-ի հետ համակարգմամբ։
Թրամփը նաև ասել է, որ զանգահարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և սկսել է նախապատրաստական աշխատանքներ Զելենսկու հետ նրա հանդիպումը կազմակերպելու համար: Ամերիկացի առաջնորդի խոսքով՝ ինքը հանձնարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսին, ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին և իր հատուկ դեսպանորդ Սթիվեն Վիտկոֆին բանակցություններ վարել երկու կողմերի հետ այս հանդիպման շուրջ: