«Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի» նախաստորագրված տեքստի հրապարակումից հետո դրա շուրջ հյուսվող դավադրությունների տեսությունները փլուզվեցին խաղաքարտերի տնակի նման. Հայաստանի քաղաքացիները գոհունակությամբ են ընդունել համաձայնագրի նախաստորագրված տեքստը։
ժողովրդին ուղղված կիր ուղերձում նման համոզմունք է հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ կան նաեւ առարկայական քննադատություններ։
«Դրանցից առաջինը վերաբերվում է Ադրբեջանում անազատության մեջ պահվող մեր հայրենակիցների հարցը Խաղաղության համաձայնագրի տեքստում չներառելուն։ Խաղաղության համաձայնագրի տեքստի բանակցությունները սկսվել են 2022 թվականի գարնանից եւ մենք այդ հարցը Համաձայնագրում ներառելու լրջագույն ջանքեր ենք գործադրել։ Բայց որքան ձգվել են բանակցությունները, հասկացել ենք, որ Ադրբեջանում անազատության մեջ պահվող մեր հայրենակիցների հարցը Համաձայնագրի տեքստում ներառելը կարող է մեկնաբանվել, թե նրանց վերադարձը Համաձայնագրի ստորագրումից եւ վավերացումից հետոյի հարց է, իսկ մենք այդ կանխավարկածով չենք առաջնորդվել ու չենք առաջնորդվում։ Եվ այդ կանխավարկածով չառաջնորդվելու արդյունքում է, որ Խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ բանակցությունների մեկնարկից ի վեր մեր 58 հայրենակիցներ վերադարձել են գերությունից եւ եթե հարցը թողնված լիներ Խաղաղության համաձայնագրին, դա կարող էր եւ տեղի չունենալ եւ մեծ հավանականությամբ տեղի չէր ունենա»,-ընդգծել է վարչապետը։
Փաշինյանը հավելել է, որ այժմ էլ դիվանագիտական ահռելի աշխատանք է տարվում այդ խնդիրը հնարավորինս արագ լուծելու համար։
Երկրորդ առարկայական քննադատությունն, ըստ վարչապետի, այն է, որ Խաղաղության համաձայնագրի նախաստորագրված տեքստով Ղարաբաղի հարցը փակվում է։
«Այս քննադատությանն ի պատասխան պիտի հիշեցնեմ, որ դեռեւս 2025 թվականի մարտին այդ առիթով հայտարարություն եմ արել Ազգային ժողովի բարձր ամբիոնից, իսկ ավելի ուշ՝ վարչապետի համար տարօրինակ կոչով դիմել ժողովրդին։ Ասել եմ, որ մենք չպետք է շարունակենք Ղարաբաղյան շարժումը, ասել եմ, որ ես Հայաստանն առաջնորդելու եմ այս՝ Ղարաբաղյան շարժումը չշարունակելու տրամաբանությամբ, եւ եթե ժողովուրդը համաձայն չէ այս տրամաբանությանը, նրան կոչ եմ արել հեղափոխություն անել։
Ժողովուրդը, այսինքն դո՛ւք, սիրելի՛ քաղաքացիներ, հեղափոխություն չարեցիք, որովհետեւ ինձ նման հասկացաք, որ առանց Ղարաբաղի հարցը փակելու խաղաղությունը հնարավոր չէ, որ Ղարաբաղի հարցն իրոք որոշ ուժեր պարզապես օգտագործում էին որպես գործիք Հայաստանի անկախությունը, ինքնիշխանությունը, պետականության կայացումն ու զարգացումը թույլ չտալու համար»,- հավելել է վարչապետը։
Ինչ վերաբերվում է Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցներին, ըստ Փաշինյանի, մեկ անգամ չէ, որ հրապարակային հայտարարել է, որ վերադարձի մասին նրանց պատկերացումներն իրատեսական չի համարում։
«Ու ընդհանրապես, Հայաստանում եւ Ադրբեջանում հակամարտության մեկնարկից ի վեր փախստական դարձած անձանց վերադարձի թեմայի երկկողմ արծարծումը համարում եմ վտանգավոր, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հաստատված խաղաղությանը վնասող գործոն։ Այդ թեմաներն արծարծելու երկկողմ փորձերը հենց իրենց՝ փախստականներին ոչինչ չեն տալու, իսկ պետությունների միջեւ դառնալու են լարվածության նոր աղբյուր։ Իմ այս պատկերացումը կիսել եմ նաեւ պաշտոնական Բաքվի հետ։ Եվ արձանագրում եմ, որ այո՛, դա վտանգավոր և վնասակար թեմա է նորընծա խաղաղության համար։
Իմ ընկալումն այն է, որ բոլոր այն մարդիկ, ովքեր համաձայն չեն այս ռազմավարության հետ, կամա թե ակամա հայտնվում են կոնֆլիկտի վերակենդանացման տրամաբանության մեջ։ Շատ կոնֆլիկտներ, ներառյալ Ղարաբաղյանը, սկսվել են հումանիտար, մշակութային՝ թվում է անմեղ և պարզ հարցերի արծարծումով, իսկ թե ինչի են վերաճել, հիշում ենք եւ մեր մաշկի վրա, ցավոք, զգացել ենք բոլորս։
Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցների ապագայի մասին մեր պատկերացումը հետեւյալն է․ նրանք մեր եւ միջազգային հանրության աջակցությամբ պետք է տնավորվեն Հայաստանի Հանրապետությունում եւ այստեղ ապրեն, ստեղծագործեն, հաստատվեն՝ որպես Հայաստանի Հանրապետության լիարժեք քաղաքացիներ»,- նշել է Փաշինյանը։