Բաքվում պահվող անձանց ազատ արձակման հարցը մնում է մեր առաջնային օրակարգում՝ առաջին հերթին ադրբեջանական կողմի հետ շփումներում՝ ակնկալելով դրական հանգուցալուծում. ԱԳՆ

Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների և պահվող քաղաքացիական անձանց հայրենադարձման խնդիրը շարունակում է մնալ ՀՀ ուշադրության կենտրոնում: Այս մասին Tert.am-ի հարցին ի պատասխան փոխանցել են ԱԳՆ-ից:

«Հարցին վերջերս հրապարակային անդրադարձ եղել է ամենաբարձր մակարդակով՝ ՀՀ վարչապետի կողմից, ով ընդգծել է, որ չկա որևէ բանակցություն, որի ընթացքում խնդրին չի հատկացվում պատշաճ, անհրաժեշտ տեղ: ՀՀ ներկայացուցիչները տարբեր ձևաչափերի հանդիպումներում բարձրացնում են խնդիրը և փնտրում լուծումներ:

Նույն կերպ, պահվող անձանց ազատ արձակման հարցը շարունակում է մնալ ՀՀ ԱԳ նախարարության առաջնային օրակարգում՝ առաջին հերթին ադրբեջանական կողմի հետ շփումներում՝ ակնկալելով դրական հանգուցալուծում, այդ թվում նաև՝ որպես կողմերի միջև վստահության ամրապնդմանն ուղղված կարևոր քայլ: Թեման և հնարավոր լուծումները պարբերաբար քննարկվում են նաև միջազգային գործընկերների հետ շփումների ընթացքում թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ հարթակներում, այդ թվում՝ ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ քննարկումներում»,- հայտնեցին ԱԳՆ-ից:

Ավելի վաղ Tert.am-ը գրել էր, որ ԿԽՄԿ-ն այլևս չի այցելի Բաքվի բանտում ապօրինի պահվող հայերին:

«Քանի որ ԿԽՄԿ-ն ստացել է՝ Ադրբեջանի իշխանությունների՝ գրասենյակը փակելու մասին գրություն, և գրասենյակը շուտով փակվելու է, այդ կապակցությամբ կարող ենք հաստատել միայն այն, ինչ այս պահի դրությամբ ունենք: Վերջին տեսակցությունը, որ ունեցել ենք նրանց հետ, հունիսին էր: Մինչև գրասենյակի պաշտոնական փակումը, որի մասին լրացուցիչ կհայտնենք՝ երբ դա տեղի ունենա, այս պահին նախատեսված որևէ այց հստակեցված չէ»,- Tert.am-ի հետ զրույցում ասել էր Կարմիր խաչի հայաստանյան գրասենյակի հաղորդակցության ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին:

Իսկ թե ինչ պետք է անել, որ Բաքվում ապօրինի պահվող հայերը չմնան մեկուսացման մեջ, Tert.am-ը զրուցել էր իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանի հետ:

Վերջինս հայտնել էր, որ մի խումբ հասարակական կազմակերպություններ, շուրջ երեք ամիս առաջ դիմել են ԱԳՆ՝ առաջարկելով քննարկել հյուպատոսական իրավունքի պատվիրակման հնարավորությունը։

«Ստացանք պատասխան, որ խնդիրը քննարկվում է, խորհրդապահական բնույթ են կրում քննարկումները, ուստի մանրամասներ մեզ չեն հայտնվել։ Դրանից արդեն անցել է, եթե չեմ սխալվում, շուրջ երեք ամիս։ Այդ խնդիրը բարդ վերլուծություններ, տվյալների հավաքագրում, այլ բնույթի գործունեություն չենթադրող որոշման կայացման գործընթաց է։ Այստեղ մեկ կարևոր նկատառում կա՝ արդյոք ՀՀ-ն իր քաղաքացիների կողքին է։ Եթե այո՝ պարզապես պետք է որոշել, որ պետությանն ենք դիմում։ Նախադեպեր շատ կան՝ Շվեյցարիան, Բելգիան և այլն»,- ասել էր նա:

Լրահոս

Օրացույց

Օգոստոսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031