Իրանը մշտապես ընդգծել է իր զգայուն վերաբերմունքը Հարավային Կովկասում արտատարածաշրջանային դերակատարների ներկայության և միջամտության հանդեպ. այս մասին, Tasnim-ի փոխանցմամբ, ասել է Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղաին:
«ԱՄՆ ընկերությունների հետ նախատեսվող համագործակցությունները տեղի են ունենալու բացառապես Հայաստանում գրանցված ընկերության միջոցով և այդ երկրի ներքին օրենքներին համապատասխան։ Երկու երկրների համատեղ հայտարարության մեջ ևս շեշտվել է ազգային ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անխախտելիության պահպանումը», — ասել է Բաղաին:
Նա ընդգծել է, որ տրանսպորտային և հաղորդակցական ուղիների ապաշրջափակումը և ստեղծումը, այդ թվում՝ Հայաստանի հարավով անցնող երկաթուղային գիծը, որը կապելու է Ադրբեջանը Նախիջևանի ինքնավար հանրապետության հետ, չպետք է վնասի միջազգային մակարդակով ճանաչված սահմաններին, հակասի Հայաստանի ինքնիշխանությանը կամ հանգեցնի տարածաշրջանի աշխարհաքաղաքականության փոփոխությանը։
«Իրանն ուշադիր հետևում է իրավիճակին և անհրաժեշտության դեպքում իր մտահոգությունները կհայտնի տարածաշրջանի երկրներին՝ կանխելու համար ցանկացած արտատարածաշրջանային միջամտություն, որը կարող է վնաս հասցնել Հարավային Կովկասի խաղաղությանը, կայունությանը և անվտանգությանը», — ասել է Բաղաին: