13-ամյա երաշտ. քարանձավի գտածոյի շնորհիվ բացահայտվել է մայաների քաղաքակրթության անկման գաղտնիքը

Մեքսիկական քարանձավի ստալակտիտի քիմիական հետքերը թույլ են տվել գիտնականներին պարզել, որ 13-ամյա երաշտը և մի քանի այլ երաշտներ, որոնցից յուրաքանչյուրը տևել է ավելի քան երեք տարի, կարող էին նպաստել մայաների դասական քաղաքակրթության անկմանը, գրում է Science Daily-ն։

Ստալակտիտում թթվածնի իզոտոպների վերլուծությունը թույլ է տվել Քեմբրիջի համալսարանի հետազոտողներին վերականգնել մ.թ. 871-ից 1021 թվականների միջև ընկած առանձին խոնավ և չոր սեզոնների տեղումների մակարդակը, որոնք համընկնում են մայաների ուշ դասական շրջանի հետ։ Առաջին անգամ հաջողվել է առանձնացնել անկման շրջանի յուրաքանչյուր սեզոնի կլիմայական պայմանները, որը պատմականորեն անվանում են «մայաների կոլապս»։

Այդ ժամանակ կրաքարային սարահարթերի վրա գտնվող մայաների հարավային քաղաքները լքվել են, դինաստիաները դադարել են գոյություն ունենալ, և քաղաքակրթությունը կորցրել է իր զգալի քաղաքական և տնտեսական ուժը։ Յուկատան թերակղզու քարանձավից ստացված տվյալները ցույց են տվել խոնավ սեզոնի ութ երաշտ՝ առնվազն երեք տարի տևողությամբ, որոնցից ամենաերկարը տևել է 13 տարի։ Այս կլիմայական տվյալները համահունչ են հնագիտական վկայություններին. հյուսիսային քաղաքներում, ներառյալ հայտնի Չիչեն-Իցանը, հուշարձանների շինարարությունը և քաղաքական ակտիվությունը ժամանակավորապես դադարել են։

Ստալակտիտները ձևավորվում են կաթող ջրից, որի հանքանյութերը կուտակվում են քարանձավի հատակին։ Թթվածնի իզոտոպների շերտերի ուսումնասիրությունը թույլ է տվել գիտնականներին ճշգրիտ տեղեկություններ ստանալ առանձին սեզոնների կլիմայի մասին, ինչը չեն տալիս լճերի նստվածքային շերտերը։ Սա թույլ է տվել հետազոտողներին հետևել երաշտների տևողությանը և գնահատել դրանց ազդեցությունը մայաների գյուղատնտեսության վրա։ Նույնիսկ ջրամատակարարման համակարգերի առկայության դեպքում, երկարատև երաշտը կարող էր խիստ ազդել հասարակության վրա։

Ստալակտիտից ստացված տեղեկատվությունը համընկնում է մայաների հուշարձանների վրա նշված ամսաթվերի հետ. ձգձգվող երաշտների ժամանակաշրջաններում արձանագրությունները դադարել են։

Հետազոտողները նշում են, որ նման տվյալները կօգնեն վերստեղծել մայաների կյանքի պատկերը և ուսումնասիրել մարդու և կլիմայի փոխազդեցությունը։ Բացի այդ, ստալակտիտները կարող են տեղեկություններ տալ արևադարձային փոթորիկների հաճախականության և ինտենսիվության մասին, ինչը կարևոր է անցյալի կլիմայական գործընթացների վերլուծության համար։

Լրահոս

Օրացույց

Օգոստոսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

- Այս թեմայով -