Չեխ երկրպագուն ընկել է Ավանի ակադեմիայի մարզադաշտից

Հինգշաբթի օրը Երևանում կայացավ Կոնֆերենցիաների լիգայի երրորդ որակավորման փուլի պատասխան հանդիպումը «Արարատ-Արմենիայի» և Պրահայի «Սպարտայի» միջև: «Սպարտայի» 2:1 հաշվով հաղթանակը, որը լրացվեց առաջին խաղի 4:1 հաշվով, ապահովեց նրանց վստահ անցումը հաջորդ փուլ: Սակայն խաղի ընթացքում տեղի ունեցան մի շարք հետաքրքիր և զավեշտալի դեպքեր, որոնք հանդիպումը դարձրին անմոռանալի, գրում է sport.cz-ը։

Հանդիպումը տեղի ունեցավ Երևանի ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում, որը նախատեսված է մինչև 1500 հանդիսականի համար: Չնայած մարզադաշտի հարմարավետությանը, դարպասների հետևում բարձր ցանցերի բացակայությունը գնդակ մատակարարողներին ստիպում էր անընդհատ վազել՝ վերցնելու ֆուտբոլիստների ոչ ճշգրիտ հարվածների հետևանքով դուրս թռած գնդակները: Այս մանրուքն ավելացրեց խաղի յուրօրինակ մթնոլորտը:

Հանդիպման ավարտին տեղի ունեցավ անսպասելի միջադեպ: «Սպարտայի» երկրպագուներից մեկը, փորձելով խաղի առաջին գոլի հեղինակ Ալբիոն Ռրահմանիից խնդրել նրա մարզաշապիկը, անցավ արգելապատնեշը և ընկավ մի քանի մետր ցած: Բուժաշխատողները անմիջապես զննեցին նրան: Բարեբախտաբար, երկրպագուն լուրջ վնասվածքներ չստացավ և, ի վերջո, ինքնուրույն հեռացավ՝ ձեռքին բաղձալի մարզաշապիկը:

«Սպարտայի» երկրպագուներն առաջին խաղակեսում բարձրաձայն վանկարկում էին «Thank you, Jennifer!»՝ ակնարկելով Ջենիֆեր Լոպեսի համերգի պատճառով վնասված խոտածածկը, որի հետևանքով խաղը տեղափոխվել էր ավելի փոքր մարզադաշտ: Վանկարկումներն ուղեկցվում էին համապատասխան պաստառով։

Լրահոս

Օրացույց

Օգոստոսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031