Ղազախստանում իշխանությունում այլևս «ընտանեկան-կլանային համակարգ» չկա։ Այս մասին հայտարարել է հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Քաղաքացիական ծառայությունում հաստատվում է մերիտոկրատիայի սկզբունքը։ Իշխանության մեջ այլևս չկա ընտանեկան-կլանային համակարգ։ Մարդկանց պաշտոնների նշանակելիս առաջին հերթին հաշվի են առնվում գիտելիքներն ու պրոֆեսիոնալիզմը», — ասել է նա ուսուցիչների համաժողովում։
Նրա խոսքով՝ Ղազախստանում իրականացված լայնածավալ բարեփոխումների արդյունքում «օրենքի և կարգուկանոնի նկատմամբ հարգանքը դառնում է անսասան սկզբունք»։
2022 թվականի հունվարին Ղազախստանում տեղի ունեցան զանգվածային բողոքի ցույցեր։ Հանրապետության արևմուտքում գտնվող Ժանաոզեն և Ակտաու քաղաքների բնակիչները բողոքում էին հեղուկ գազի գների կրկնապատկման դեմ։ Ավելի ուշ բողոքի ցույցերը տարածվել են երկրի այլ քաղաքներում։
Բողոքի ցույցերի ճնշումից հետո նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, որը հրաժարականից հետո մնացել էր Անվտանգության խորհրդի նախագահ, սկսեց կորցնել կառավարական պաշտոնները։ Նա կորցրեց իր տեղը Սահմանադրական խորհրդում, դադարեց լինել երկրի Անվտանգության խորհրդի ցմահ ղեկավարը և կորցրեց իշխող կուսակցության ղեկավարի իր պաշտոնը։