Ալիևի համար մահ էր Թրամփի հարցը. Ամերիկացի մի կին, Սյունիքում քնելով, կանխեց Բաքվի ներխուժումը. Շիրինյան

«Քրիստոնեա-ժողովրդական» կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանը, անդրադառնալով օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված եռակողմ համաձայնագրին, ասում է՝ եթե հաշվի առնենք, որ հայկական կողմը ղարաբաղյան կլանի, «ռուսաքոծ» գեներալների, ՀՀ նախկին քաղաքական ղեկավարության՝ գողապետության պատճառով պատերազմում պարտվել է, և Ադրբեջանը ստացել էր գերակայություն, ապա այս փաստաթղթից շահել է Հայաստանը:

«Ինչո՞ւ, որովհետև աշխարհի գերտերության ներկայությամբ հաստատվեցին ՀՀ սահմանները և պետության ինքնիշխան լինելու իրավունքը, և դադարեցվեց ադրբեջանական ներխուժման վտանգը, իսկ Ադրբեջանը տուժել է, որովհետև կես տարի առաջ չէր ընդունում ՀՀ գոյության իրավունքը, գոռում էր՝ ՀՀ-ն չպիտի զինվի»,- ասում է նա:

Ըստ Շիրինյանի՝ Հայաստանի Հանրապետությունը վերականգնման ճանապարհին է, և սա շնչելու հնարավորություն է տալիս, դրա համար է, որ մեծ «խոցը»՝ «քաղցկեղը»՝ ռուսական ներկայությունը՝ հայի տեսքով, «ոռնոց» է դրել:

Զրուցակցի խոսքով՝ Վաշինգտոնի պայմանավորվածությունը տեղի ունեցավ Ալիևի և Պուտինի թշնամանքի արդյունքում. «Պուտինը գցեց ղարաբաղյան կլանին, Ալիևը՝ իր տիրոջը, Ալիևի համար ստեղծվեց «իզգոյ» վիճակ, և վզից բռնած տարան Վաշինգտոն: Էս պայմաններում մենք ստացանք այն առավելագույնը, որ հնարավոր էր»:

Ըստ նրա՝ ԱՄՆ մի դրոշը Սյունիքում հերիք է. ո՞վ է դրան ձեռք տալու. «Հիշեք, որ մի տիկին՝ ԱՄՆ դեսպանը՝ տիկին Թրեյսին, մի քանի գիշեր Սյունիքում գիշերեց, և ադրբեջանական հարձակում չեղավ»:

Շիրինյանի կարծիքով՝ Իրանը Հայաստանում որոնելու է Արևմուտքի հետ հարաբերվելու հարթակ, հայ-թուրքական հարաբերություններն էլ գնալու են բարելավման:

Խոսելով «Հայաստան» խմբակցության տարածած հայտարարության մասին՝ Շիրինյանն ասում է՝ աչքի առաջ Ռուբեն Վարդանյանն է. «Իրենց վզներից էլ բռնելու են տանեն Զանզիբար, նրանց տարան Բաքու, Պուտինն է արել, իրենց էլ է պատժելու, հեղաշրջում պիտի անեին, էս էն, ոչ մի բան չեն կարողացել անել, իրենք իրենց անձնական ողբերգության մասին են խոսում, իսկ դա իրականում հայ ժողովրդի ազատագրումն է: Մենք, ըստ էության, տեղափոխվում ենք իրավական պետության այլ հարթություն, Քոչարյան ու Սերժ չենք խաղացնելու, վզներից բռնելու ենք տանենք բանտ»:

Լրահոս

Օրացույց

Օգոստոսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031