Փենսիլվանիա նահանգի Քլերթոն քաղաքում U. S. Steel պողպատաձուլական ընկերության գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով երկու մարդ է զոհվել, 10-ը՝ վիրավորվել։ Այս մասին հայտնել են Ալեգեյնի շրջանի իշխանությունները։
Մամուլի ասուլիսի ժամանակ շրջանի ոստիկանության ներկայացուցիչը հայտնել է, որ գործարանում տեղի ունեցած պայթյունից հետո 10 տուժած է տեղափոխվել հիվանդանոց, բացի այդ, մեկ մարդ զոհվել է, ևս մեկը համարվում է անհայտ կորած։ Ավելի ուշ Ալեգեյնի շրջանի արտակարգ իրավիճակների ծառայությունը Facebook-ում հայտարարել է, որ «կարող է հաստատել, որ միջադեպի հետևանքով ևս մեկ մարդ է զոհվել»։
Այս պահին, ըստ շտապօգնության ծառայությունների՝ հիվանդանոցներ տեղափոխված 10 մարդկանցից հինգն արդեն ստացել են բուժօգնություն և դուրս են գրվել։ Նշվում է նաև, որ զոհերի ճշգրիտ թիվը հայտնի չէ՝ «հաշվի առնելով միջադեպի մասշտաբները»։ Միջադեպի հետաքննությունը շարունակվում է։