2025 թվականի օգոստոսի 11-ին շտապ այցով Հայաստան է ժամանել աշխարհահռչակ իրավաբան և մարդու իրավունքների միջազգային պաշտպան Ռոբերտ Ամստերդամը, որը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մերձավոր շրջապատից է:
Հայաստան ժամանելուն պես՝ լրագրողների հետ զրույցում նա իր գլխավոր առաքելություն է նշել եկեղեցու և քրիստոնյաների պաշտպանությունը, որոնք, ըստ նրա գնահատման, ապօրինի կերպով զրկված են ազատությունից։
«Ես սովոր եմ տարբեր երկրների կառավարությունների ճնշմանը։ Ռուսաստանում ինձ ձերբակալել են, ինձ արգելել են մուտք գործել յոթ երկիր, արդեն 50 տարի է՝ զբաղվում եմ այս աշխատանքով», – լրագրողների հետ զրույցում օգոստոսի 11-ին Հայաստանում ասաց աշխարհահռչակ իրավաբան և մարդու իրավունքների միջազգային պաշտպան Ռոբերտ Ամստերդամը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք չի վախենում Հայաստանի իշխանությունների հնարավոր ճնշումից։
«Պարզ է, որ կարող է լինել ճնշում, բայց որպեսզի այդ ճնշումը հասնի իր նպատակին, պետք է լինի մեկը, ով կենթարկվի այդ ճնշմանը։ Մենք՝ պաշտպանելով իրավունքները, չենք ճկվում», – պարզաբանել է նա։
Ամստերդամը ափսոսանքով նշել է, որ իշխանությունները որոշ դեպքերում օգտագործում են եկեղեցին քաղաքական նպատակներով՝ փոխանակ նրան վերաբերվելու որպես պաշտամունքի օբյեկտի։
«Ես հասկանում եմ խնդրի զգայունությունը և հասկանում եմ, որ Հայաստանը քրիստոնյա պատանդներ ունի Ադրբեջանում։ Միևնույն ժամանակ, սա չափազանց զգայուն թեմա է, ես նույնիսկ չեմ մեկնաբանի այդ հարցը։ Երբ մարդիկ պատանդ են, պետք է թույլ տալ, որ կառավարությունները զբաղվեն այդ հարցերով։ Չեմ ուզում ոչինչ ասել այդ մասին։ Մենք բոլորս պետք է աղոթենք նրանց անվտանգ ազատման և վերադարձի համար», – նշել է նա։
Իրավաբանը ընդգծել է, որ քայլ է անում Հայաստանի կառավարությանն ընդառաջ՝ քննարկումներ անցկացնելու համար։
«ԱՄՆ-ում ես հանդիպումներ եմ ունեցել (հայկական շրջանակների հետ – խմբ․), սակայն անհրաժեշտ կլինի նաև Հայաստանում հանդիպումներ, քննարկումներ անցկացնել, պետք է ջանքեր գործադրել, ժամանակ է պետք, որպեսզի փորձենք շարժել գործը մեռյալ կետից և պաշտպանել քրիստոնյաներին», – եզրափակել է Ամստերդամը։
Նշենք, որ քաղաքական հարցերով առաջին կարգի միջազգային իրավաբանի արտահերթ այցը կապված է մի քանի աղմկահարույց գործերի հետ՝ արքեպիսկոպոսների գործը, ճնշումները Հայ Առաքելական Եկեղեցու վրա, գործարար Սամվել Կարապետյանի կալանավորումը։