Փաշինյանն ու Ալիևը կստորագրեն համատեղ հռչակագիր, Մինսկի խմբից դուրս գալու վերաբերյալ համատեղ նամակ. քննարկվելու է Սյունիքով «Թրամփի երթուղու» ստեղծումը. աղբյուր

Ուրբաթ Սպիտակ տանն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև կայանալիք գագաթնաժողովին խաղաղության վերջնական համաձայնագիր չի լինելու, սակայն ձեռնարկվելու են առանցքային քայլեր տևական խաղաղության համար. այս մասին X-ում գրել է Պետդեպում հավատարմագրված լրագրող Ալեքս Ռաուֆօղլուն՝ վկայակոչելով իր աղբյուրները:

Նրա խոսքով՝ Փաշինյանն ու Ալիևը կստորագրեն համատեղ հռչակագիր, որը կձևակերպվի որպես «խաղաղության և հարաբերությունների լիակատար կարգավորման հստակ ուղի»։

Բացի այդ, Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարները նախաստորագրելու են ամիսներ շարունակ բանակցվող երկկողմ խաղաղության համաձայնագրի տեքստը։

Հայաստանն ու Ադրբեջանը ստորագրելու են համատեղ նամակ՝ Մինսկի խմբից դուրս գալու վերաբերյալ:

ԱՄՆ-ն առանձին փոխըմբռնման հուշագրեր կստորագրի Հայաստանի և Ադրբեջանի հետ՝ «վերագործարկելով» և «մեկնարկելով» համապատասխան երկկողմ հարաբերությունները և բացելով նախկինում անհնարին հնարավորություններ։

Ռաուֆօղլուն նաև նշել է, որ այլևս միջանցք չկա. Թրամփ-Փաշինյան-Ալիև գագաթնաժողովին ուշադրության կենտրոնում է լինելու «Թրամփի երթուղի միջազգային խաղաղության և բարգավաճման համար» կամ TRIPP անվամբ տարանցիկ և զարգացման նոր ծրագիրը:

TRIPP-ը կստեղծի տարանցիկ երթուղի Հայաստանի հարավով՝ ապահովելով Ադրբեջանի անարգել մուտքը դեպի Նախիջևանի էքսկլավ։ TRIPP-ը ռազմական կամ պաշտպանական նախաձեռնություն չէ։ ԱՄՆ-ն զորքեր չի տեղակայի երթուղում։ Դրա փոխարեն, ԱՄՆ-ի ներգրավվածությունը կլինի զուտ առևտրային, ընդ որում՝ ԱՄՆ-ն կստանձնի պատասխանատվություն՝ ապահովելու երթուղու «անվտանգ գործունեությունը բոլոր կողմերի համար»՝ «բարձրակարգ օպերատորների» հետ համաձայնագրերի միջոցով։

Լրահոս

Օրացույց

Օգոստոսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031