ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ դիտարկում է ԱՄՆ մայրաքաղաքում հանցագործության դեմ պայքարելու համար Ազգային գվարդիա տեղակայելու հնարավորությունը։
«Այո՛, մենք դա դիտարկում ենք, քանի որ [Վաշինգտոնում] հանցագործությունների թիվը պարզապես վրդովեցուցիչ է։ Մենք պատրաստվում ենք բարեկարգել քաղաքը, գեղեցկացնել այն։ Եվ դա ներառում է նաև Ազգային գվարդիայի զորքերի ներդրումը, հնարավոր է՝ շատ շուտով», — լրագրողներին ասել է Թրամփը։ Տեսանյութը հրապարակել է CNN հեռուստաընկերությունը։
Նախագահի խոսքով՝ մայրաքաղաքի փողոցներում աղբ է թափված, շենքերի վրա գրաֆիտիներ կան, իսկ քաղաքի ճանապարհները վատ վիճակում են։ «Մենք ուզում ենք, որ մայրաքաղաքը մեծ ու անվտանգ լինի։ Եվ մենք դրան կհասնենք։ Դրա համար անհրաժեշտ է ապահովել մաքրություն և այլ միջոցներ ձեռնարկել»,- նշել է Թրամփը։
Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը Politico թերթին տված մեկնաբանության մեջ հայտարարել է, որ չնայած Վաշինգտոնը «հիանալի քաղաք է», այնտեղ արդեն չափազանց երկար ժամանակ հանցավորություն է տիրում։
Ինչպես նշում է պարբերականը՝ Թրամփը մայրաքաղաքում տիրող իրավիճակի մասին խոսել է այն բանից հետո, երբ մի խումբ դեռահասներ Վաշինգտոնում ծեծի են ենթարկել և թալանել ամերիկյան վարչակազմի 19-ամյա աշխատակից Էդվարդ Կորիստինին։ Այդ կապակցությամբ Թրամփը հայտարարել է, որ քաղաքում հանցավորությունը դուրս է եկել վերահսկողությունից, իսկ դեռահասների ավազակախմբերի անդամները հարձակվում, թալանում և հաշմանդամ են դարձնում անցորդներին՝ «իմանալով, որ անմիջապես ազատ կարձակվեն»։
Ինչպես գրում է Politico-ն՝ Թրամփը նախկինում արտահայտել է մայրաքաղաքի նկատմամբ վերահսկողությունը ուժեղացնելու և քաղաքը դաշնային վերահսկողության տակ փոխանցելու գաղափարը։ Այժմ ամերիկյան վարչակազմի իրավաբանները ուսումնասիրում են այս հարցը, նշել է ամերիկացի նախագահը։