Սպիտակ տունը Եվրոպայում գտնվող ամերիկացի դիվանագետներին հրահանգել է ակտիվացնել ԵՄ «Թվային ծառայությունների մասին» օրենքի (DSA) դեմ պայքարելու ջանքերը, հաղորդում է Reuters-ը՝ ԱՄՆ Պետդեպարտամենտի հեռագիրը վերանայելուց հետո։
ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատակիցներին ԵՄ-ում հանձնարարվել է «լոբբիստական արշավ սկսել՝ DSA-ի դեմ եվրոպական ընդդիմություն ձևավորելու համար»։ Վաշինգտոնի կարծիքով՝ այդ օրենքը ճնշում է խոսքի ազատությունը և զգալի լրացուցիչ ծախսեր է պարտադրում ամերիկյան տեխնոլոգիական ընկերություններին։
ԱՄՆ պետքարտուղար Մարկու Ռուբիոյի կողմից 2025 թվականի օգոստոսի 4-ին ստորագրված հեռագրում նշվում է, որ Բրյուսելը «անհիմն» սահմանափակումներ է մտցնում խոսքի ազատության վերաբերյալ՝ պայքարելով ատելության խոսքի և ապատեղեկատվության տարածման դեմ, իսկ թվային ծառայությունների մասին օրենքը (DSA) է՛լ ավելի է խստացնում այդ սահմանափակումները։ Ամերիկացի դիվանագետներին հանձնարարվել է պարբերաբար շփվել համայնքի անդամ երկրների կառավարությունների, ինչպես նաև թվային ծառայությունների համար պատասխանատու գերատեսչությունների ներկայացուցիչների հետ։ Դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատակիցների նպատակը DSA-ի և ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների համար ֆինանսական ծախսերի վերաբերյալ ԱՄՆ մտահոգությունները փոխանցելն է։ Փաստաթղթում պարունակվում են կոնկրետ առաջարկություններ ամերիկացի դիվանագետներին, այն մասին, թե ինչպես կարելի է փոխել ԵՄ օրենսդրությունը, ինչպես նաև դրույթներ, որոնք կօգնեն նրանց ձևակերպել անհրաժեշտ փաստարկները։
Դիվանագետներին ուղղված նման կարգադրությունը վկայում է այն մասին, որ ԱՄՆ վարչակազմը ակտիվացնում է ջանքերը և փորձում է խթանել այն, ինչը նա անվանում է «խոսքի ազատության ամերիկյան ավանդույթ»։ Այս քաղաքականությունը էլ ավելի է սրել ԱՄՆ-ի և եվրոպական դաշնակիցների արդեն իսկ լարված հարաբերությունները, ասվում է գործակալության հաղորդագրության մեջ։
Ինչպես ավելի վաղ հայտարարել է Եվրահանձնաժողովի փոխնախագահ, տեխնոլոգիական ինքնիշխանության, անվտանգության և ժողովրդավարության հարցերով եվրահանձնակատար Հեննա Վիրկկունենը՝ Բրյուսելը մտադիր չէ ԱՄՆ-ի հետ առևտրային բանակցությունների ընթացքում քննարկել Եվրամիության առանցքային թվային օրենքների փոփոխությունները, այդ թվում՝ թվային ծառայությունների և թվային շուկաների մասին օրենքները։
ԵՄ թվային ծառայությունների մասին օրենքն ուժի մեջ է մտել 2023 թվականի օգոստոսին։ Այն զգալիորեն ուժեղացրել է վերահսկողությունը 19 հարթակների, այդ թվում՝ Facebook-ի և Instagram-ի, AliExpress-ի, Amazon Store-ի, AppStore-ի, Booking-ի և այլնի նկատմամբ։ Եթե ընկերությունները չպահպանեն օրենքը, նրանց կսպառնա տուգանք՝ գլոբալ հասույթի մինչև 6%-ի չափով։