Մեկ տարի առաջ Yandex Armenia-ն գործարկեց «Օգնենք միասին» նախագիծը՝ նախաձեռնություն, որը միավորեց օգտատերերի և ընկերության ջանքերը՝ ի աջակցություն բարեգործական կազմակերպությունների: Այսօր նախագիծն ամփոփում է առաջին արդյունքները. ավելի քան 10 հազար մարդ միացրել է ավտոմատ նվիրատվությունները ուղևորությունների և առաքման պատվերների ժամանակ: Մեկ տարում Yandex Go-ի օգտատերերը կատարել են ավելի քան 250 հազար պատվեր՝ նվիրատվություններով։ Հիմնադրամները ստացել են 25,4 միլիոն դրամ, որն ուղղվել է առողջական առանձնահատկություններով երեխաների և դժվար իրավիճակում հայտնված ընտանիքների աջակցությանը:
Հավաքված միջոցներն ուղղվում են «ՆԻԿԱ» ենթակառուցվածքային հիմնադրամ, որն ապահովում է թափանցիկ և հավասարաչափ բաշխումը: Բոլոր նվիրատվությունները հավասարապես բաշխվում են 4 կազմակերպությունների միջև՝ «Հայ մայրեր», որն օգնում է մանկական ուղեղային կաթված ունեցող երեխաների ընտանիքներին, «VIVA», որն աշխատում է բժշկական օգնության հասանելիության ուղղությամբ, «Շտապիր դեպի բարին», որն աջակցում է երեխաներին առողջապահության և հոգեբանական բարեկեցության ոլորտներում, և «Սիթի օֆ Սմայլ», որն օգնություն է տրամադրում օնկոլոգիական և արյունաբանական հիվանդություններ ունեցող երեխաներին և երիտասարդներին:
Մանկական օնկոլոգիական հիվանդությունների բուժմանն է ուղղվել ընդհանուր միջոցների 25%-ը, 37%-ը՝ կյանքի դժվար իրավիճակում հայտնված մարդկանց օգնությանը, 20%-ը՝ մանկական ուղեղային կաթված ունեցող երեխաների աջակցությանը, 16%-ը՝ աուտիզմ ունեցող երեխաների ծրագրերին: Եվս 2%-ն ուղղվել է հիմնադրամների ենթակառուցվածքների զարգացմանը։
«Արդեն մեկ տարի է՝ մասնակցում ենք «Օգնենք միասին» նախագծին, և ակնհայտ է, թե որքան կարևոր է այս աջակցությունն այն ընտանիքների համար, որոնք մանկական ուղեղային կաթվածով երեխաներ են մեծացնում։ Yandex Go-ի օգտատերերի նվիրատվությունների շնորհիվ կարողացանք սենսորային սենյակ բացել մեր «Երազի տուն 2» մանկական վերականգնողական կենտրոնում՝ վայր, որտեղ երեխաները վերականգնողական թերապիա են անցնում։
Նախագծի պարզ, բայց մտածված մեխանիզմը վերածվում է իրական օգնության: Մենք շնորհակալ ենք յուրաքանչյուրին, ով մասնակցում է. միասին մենք այս երեխաների և նրանց ընտանիքների կյանքը փոխում ենք դեպի լավը», – նշում է «Հայ մայրեր» ՀԿ նախագահ Նարինե Մանուկյանը։
Նախագիծը շարունակում է աշխատանքը, և Հայաստանում Yandex Go-ի յուրաքանչյուր օգտատեր կարող է միանալ: Բավական է հավելվածում մեկ անգամ միացնել նվիրատվությունները, և ուղևորություններից ու առաքումներից մի փոքր գումար ավտոմատ կերպով կուղղվի բարի գործի։ Առաջին տարում նախագիծը ցույց տվեց, որ նույնիսկ փոքր ներդրումը կարող է մեծ օգնության մասնիկ դառնալ:
«Արդեն մեկ տարի է, ինչ «Սիթի օֆ Սմայլ» բարեգործական հիմնադրամը մասնակցում է «Օգնենք միասին» նախաձեռնությանը։ Այս ծրագրի կենսական նշանակությունը մեր շահառու երեխաների և նրանց ընտանիքների կյանքում օրեցօր դառնում է առավել ակնառու։
Հավաքված նվիրատվությունների շնորհիվ մենք կարողանում ենք մասնակիորեն հոգալ քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող երեխաների և մինչև 25 տարեկան երիտասարդների բուժման ծախսերը։
Ուրախությամբ նշում ենք, որ ծրագրի շրջանակում հիմնադրամի 17 շահառու՝ քաղցկեղ ունեցող երեխաներ և երիտասարդներ, արդեն իսկ ստացել են իրենց կյանքին անհրաժեշտ մասնակի բուժում և խնամք։
Հավատում ենք, որ այս թիվը շարունակաբար կաճի՝ շնորհիվ ծրագրի կայունության և մասնակիցների վստահության։
Անչափ շնորհակալ ենք «Օգնենք միասին» նախագծի բոլոր մասնակիցներին և հատկապես Yandex ընկերությանը՝ Հայաստանում երեխաների առողջության պահպանման գործում ունեցած կարևոր ներդրման համար»։ Էսթեր Դեմիրճյան, «Սիթի օֆ Սմայլ» հիմնադրամի տնօրեն
Նախագծի տարեդարձի առթիվ Yandex-ը կարճ տեսանյութերի շարք է թողարկել նրանց մասին, ովքեր օգնում և աջակցություն են ստանում: Դրանք կարելի է դիտել նախագծի կայքում: