Իրանագետ Արմեն Վարդանյանը ԱՄՆ-ում սպասվող հանդիպման ժամանակ Խաղաղության պայմանագրի կնքման հետ կապված մեծ սպասելիքներ չունի, քանի որ ըստ նրա՝ մի քանի օր առաջ Ադրբեջանի նախագահի օգնականը կրկին հիշեցրել է իրենց՝ արդեն ավանդական դարձած պահանջները:
«Կարծում եմ՝ միջանկյալ որոշում կընդունվի, ավելի կոնկրետ՝ հնարավոր է նախաստորագրվի Խաղաղության պայմանագիրը կամ հուշագիր ստորագրվի: Սա կարևոր է, մեզ պետք է խաղաղության ամրագրում: Նման հանդիպումները լիցքաթափում են իրավիճակը»,- ասում է զրուցակիցը:
Միաժամանակ նա նկատում է՝ քանի դեռ դիվանագիտական հարաբերություններ չեն հաստատվել Հայաստանի և Ադրբեջանի միջև, կոնֆլիկտը համարվում է չլուծված:
Արդյոք ԱՄՆ-ն կոնֆլիկտի լուծման շահագրգիռ կո՞ղմ է. Վարդանյանի համոզմամբ՝ ԱՄՆ-ն և Եվրամիությունը միշտ եղել են կոնֆլիկտի լուծման ջատագով, իսկ ՌԴ-ն խաղում է կոնֆլիկտի վրա՝ իր ազդեցության ուղեծրում պահելու համար. «ԱՄՆ-ի և Եվրամիության շահերը երբեք չեն փոխվել, իսկ ՌԴ-ի շահերը հաճախակի փոխվում են»:
Անդրադառնալով ՌԴ-Ադրբեջան հարաբերությունների լարմանը՝ վերջինս ասում է. «Հավանաբար Ադրբեջանը նույնպես փորձում է ՌԴ-ից առանձին ՀՀ-ի հետ գնալ հարաբերությունների կարգավորման․ ակնհայտ է, որ ինչ-որ բան Պուտինի սրտով չէ, և տարբեր կերպ փորձում է ճնշել Ալիևին: Նախկինում էլ ԼՂ-ի միջոցով ՀՀ-ի վրա էին ճնշումներ գործադրում․ այժմ այլ լծակներ չունեն»:
Մեկնաբանելով այն, թե ինչու են իշխանության ընդդիմախոսները դեմ այս հանդիպմանը, հեգնում Խաղաղության պայմանագրի ստորագրմանն ուղղված քայլերը, պնդում, թե միջանցք է տրվում, իրանագետն ասում է՝ ընդդիմությունը մտահոգված է, որ ռուսական «քավորությամբ» միջանցք չի լինելու, դրա համար են պնդում Նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետի մասին. «Այնտեղ գրված էր միջանցք, որտեղ ՌԴ ուժերն էին տեղակայվելու: Ընդդիմությունը էս ֆոնի վրա նաև փորձում է հակաիշխանական տրամադրություններ գեներացնել և ՌԴ-ին սիրաշահել»:
Ըստ զրուցակի՝ այժմյան բանակցություններով միջանցքային տրամաբանություն չկա, միաժամանակ նա հիշեցնում է սպարապետ Վազգեն Սարգսյանի խոսքերը. «Մեղրիի ճանապարհը աշխարհի մեծերին բերելու է մեր դռները: Ճանապարհների ապաշրջափակումը մեր շահերից է բխում»:
Իսկ ինչ վերաբերում է Իրանին, Վարդանյանը նկատում է՝ հիբրիդային պատերազմ է սկսվելու, մեր դիվանագիտությունը պետք է փարատի Իրանի կասկածները, որ որևէ կերպ դեմ չի գնալու նրան: