Արդյո՞ք երկու տերությունները Հարավային Կովկասում իրականացնում են կուլիսային փոխհամաձայնեցված քաղաքականություն՝ գծելով տարածքների ապագա ճակատագրերը. Դավիթ Անանյան

Ամբողջ աշխարհն այսօր ուշադրությունը սևեռել է Վաշինգտոն՝ սպասելով վաղվա, թվում է թե՝ պատմական բնույթ ստացող հանդիպմանը։ Դոնալդ Թրամփի հովանու ներքո նախատեսվող Փաշինյան–Ալիև հանդիպումը համաշխարհային մեդիայում արդեն ներկայացվում է որպես խաղաղության հաստատման շրջադարձային պահ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև տևական հակամարտության շրջանակում։ Ըստ որոշ աղբյուրների, պատրաստվում է ստորագրման մի փաստաթուղթ, որը թեև ձևաչափով կարող է լինել համաձայնագիր, իրականում փաստացի և բովանդակային առումով կդառնա խաղաղության պայմանագիր ստորագրելու մտադրության քաղաքական հայտարարություն։ Այսինքն՝ ոչ թե վերջակետ, այլ մի նոր դրվագի սկիզբ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՊԵԿ նախկին նախագահ, տնտեսագետ Դավիթ Անանյանը.

«Բայց սա տեղի է ունենում մի ավելի լայն և բարդ աշխարհաքաղաքական դինամիկայի մեջ։ Հավաստի աղբյուրները մատնանշում են, որ Դոնալդ Թրամփը կարող է առաջիկա շաբաթներին հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ՝ Ուկրաինայի պատերազմի կարգավորման նպատակով։ Եթե այս հանդիպումն իսկապես կայանա, ապա դա կազդարարի ոչ միայն ամերիկա-ռուսական փոխհարաբերությունների նոր փուլի մեկնարկը, այլև մեծ ճշգրտումով կտեղադրի Հարավային Կովկասը այդ լայն համաձայնությունների քարտեզում։

Այս ամենը ստիպում է հարցադրումներ ձևակերպել՝ արդյոք իրականում կա՞ Մոսկվայի և Վաշինգտոնի միջև գործողության որոշակի համադրման տրամաբանություն։ Արդյո՞ք երկու տերությունները, որոնք պաշտոնապես պահպանում են հակադիր դիրքորոշումներ Ուկրաինայի, Բելառուսի կամ Սիրիայի հարցերում, Հարավային Կովկասում իրականացնում են կուլիսային փոխհամաձայնեցված քաղաքականություն՝ գծելով տարածքների ապագա ճակատագրերը, առանց այդ տարածքների բնիկներին ուղղակի հարցնելու։

Մի բան, սակայն, հստակ է․ Ռուսաստանը ոչ միայն չի պատրաստվում լքել Հարավային Կովկասը, այլև իր այս տարածաշրջանային ներկայությունը համարում է իր աշխարհաքաղաքական «բնական իրավունքը»՝ հիմնված պատմական և ռազմավարական ընկալումների վրա։ Իսկ եթե ԱՄՆ-ն իսկապես պատրաստվում է ձևավորել նոր «խաղաղության ճարտարապետություն» տարածաշրջանում՝ Թրամփի կամ այլ դեմքերի միջոցով, ապա Մոսկվան դժվար թե դա անտեսի կամ լուռ ընդունի։ Եվ հենց այստեղ է, որ հնարավոր է առկա լինի ոչ թե հակադրություն, այլ լուռ համաձայնություն․ հստակ սահմաններով՝ ով, որտեղ և որքան պետք է ունենա ազդեցություն։

Այդուհանդերձ, ցանկացած վերլուծություն այս փուլում պետք է խուսափի չափազանցված կանխատեսումներից։ Մեկ անգամ ևս ապացուցվում է, որ ժամանակակից աշխարհում ոչինչ միարժեք չէ՝ դիվանագիտության լեզուն հաճախ թաքցնում է այն իրական ուժային կամ փափուկ հաշվարկները, որոնց վրա հիմնվում են այսպիսի հանդիպումները։

Հետևաբար, ոչինչ չպետք է գերագնահատել, սակայն առավել ևս՝ ոչ ոք չպետք է թերագնահատվի։ Մենք ապրում ենք մի ժամանակահատվածում, երբ պատրանքները կարող են ճակատագրական լինել, իսկ սթափ ու խորքային վերլուծությունը՝ փրկարար»,- գրել է նա:

Լրահոս

Օրացույց

Օգոստոսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031