Զովունիի բնակիչները երկու ամսից ավել է՝ չեն կարողանում օգտագործել Զովունի և Դավթաշեն վարչական շրջանն իրար կապող Զորաց թաղամասի կարճ ճանապարհը, որը փակվել է առնվազն չորս հատվածներում տեղադրված երկաթյա արգելափակոցներով: Այս մասին գրում է Հետքը։
Զովունի գյուղի բնակիչները 2025 թվականի հունիսից բողոքներ են ներկայացրել Երևանի քաղաքապետարան, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն՝ նշելով, որ ստիպված են շրջանցել ճանապարհը՝ օգտվելով երկար ճանապարհից ու խնդրել՝ ապամոնտաժել արգելափակոցները: Կարճ ճանապարհը միաժամանակ օգնում էր բնակիչներին խուսափել խցանումներից: Արգելափակոցները, որոնք սկզբում տեղադրվել էին Զորաց թաղամասին կից հիմնական ճանապարհի վրա, ապամոնտաժվել էին ու տեղադրվել թաղամասի ճանապարհների ավելի խոր՝ ներթաղային հատվածներում: Արդյունքում, սակայն, վերոնշյալ կարճ ճանապարհը շարունակել է մնալ անհասանելի քաղաքացիների տրանսպորտային միջոցների համար՝ բացառությամբ Զորաց թաղամասի բնակիչների: Զովունիի բնակիչները նորից են դիմել Երևանի քաղաքապետարան՝ նույն խնդրանքով:
Հունիսի 23-ին Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարը, ի պատասխան Զովունիի բնակիչների բողոքի, ասել է, որ արգելափակոցները տեղադրվել են թաղամասների բնակիչների համաձայնությամբ՝ անվտանգության նկատառումներից ելնելով, «որպեսզի վերոնշյալ նեղ ներթաղային ճանապարհներով երթևեկությունը կազմակերպվի նեղ ճանապարհները շրջանցող ավելի լայն ու բարեկարգ ճանապարհով»: Միաժամանակ նշել է, որ «Կոտայքի մարզի Զովունու վարչական տարածքից Դավթաշեն վարչական շրջանի տվյալ հատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծով ճանապարհ նախատեսված չէ»:
Վարչական շրջանի պատասխանի մեջ նշված «ավելի լայն ու բարեկարգ» ճանապարհը՝ Զովունի 30-րդ փողոցը, ենթակա է վերանորոգման: Երևանի քաղաքապետարանի տեղեկացմամբ նախատեսվում է իրականացնել Տիգրան Պետրոսյան փողոցի և Եղվարդի խճուղու շրջանաձև երթևեկությամբ հատման խաչմերուկի հիմնանորոգման աշխատանքներ: Սակայն, Զովունի 30-րդ փողոցի վերանորոգման աշխատանքներ 2025 թվականի աշխատանքային ծրագրերում ներառված չեն:
Թե անվտանգության ո՞ր նկատառումներից ելնելով են տեղադրվել արգելափակոցները, և ինչո՞ւ չեն կիրառվել անվտանգության ապահովման այլ մեթոդներ, պարզ չէ: Այս հարցով մենք փորձել ենք մեկնաբանություն ստանալ Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար Ալբերտ Հովասափյանից: Վերջինս հրաժարվել է պատասխանել մեր հարցերին։ Իսկ Երևանի քաղաքապետարանից նախ ասացին, որ «քաղաքապետարանը ոչ մի բան այս դեպքում չի անում, քանի որ խնդիրը վարչական շրջանի տիրույթում է», այնուհետև խնդրեցին գրավոր հարցում ուղարկել:
Երևանի քաղաքապետարանին հարցրել էինք, թե ո՞ր իրավական հիմքով են ընդհանուր օգտագործման ճանապարհները փակվել ու հասանելի դարձրել միայն մի խումբ անձանց համար, անվտանգության ո՞ր նկատառումներից ելնելով են տեղադրվել արգելափակոցներն, ու ինչո՞ւ չեն կիրառվել անվտանգությունն ապահովելու այլ մեթոդներ: