Ռուսաստանի իշխանությունները փորձում են բանակցել Եթովպիայի հետ քաղաքացիական ինքնաթիռների վարձակալության շուրջ, որպեսզի համալրեն աստիճանաբար շարքից դուրս եկող ներքին փոխադրողների ավիապարկը, սակայն բանակցությունները ձախողվել են։
Ինչպես հայտնում է Addis Insight-ը, Եթովպիայի Քաղաքացիական ավիացիայի վարչությունը (Ethiopian Civil Aviation Authority (ECAA) մերժել է ռուսական պատվիրակությանը, որը հուլիսի վերջին Ադիս Աբեբա է մեկնել բանակցությունների համար։
ECAA-ի պաշտոնյաները հայտնել են, որ իրենք չեն կարող հրամաններ տալ ազգային փոխադրող Ethiopian Airlines-ին՝ ինքնաթիռներ վարձակալության տրամադրելու վերաբերյալ։
Ethiopian Airlines Group-ի գլխավոր տնօրեն Մեսֆին Տասևը հայտարարել է, որ ընկերությունը Ռուսաստանի հետ ինքնաթիռների հնարավոր վարձակալության վերաբերյալ որևէ առարկայական բանակցություն չի վարել և նման համաձայնություն ձեռք չի բերվել։
«Ռուսաստանը գտնվում է ԱՄՆ-ի պատժամիջոցների ներքո, իսկ Ethiopian Airlines-ը ԱՄՆ-ի հետ օպերացիոն և առևտրային հզոր կապեր ունի։ Մենք աշխատում ենք միջազգային կանոնակարգերին և ԱՄՆ օրենսդրությանը համապատասխան և պատրաստ չենք ստանձնել այդ օրենքները խախտելու ռիսկերը», — ասել է Տասևը։ Նա նաև հավելել է, որ Ethiopian Airlines-ն ինքն է փնտրում լրացուցիչ ինքնաթիռներ՝ ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների աճող պահանջարկը բավարարելու համար։
Ըստ Ch-aviation-ի տվյալների՝ Եթովպիայի հետ «ինքնաթիռների խոնավ լիզինգի»՝ ներռուսական փոխադրումների համար անձնակազմերով վարձակալության հնարավորության շուրջ բանակցությունները վարել է Եթովպիայում ՌԴ առևտրային ներկայացուցիչ Յարոսլավ Տարասյուկը։ Անցյալ տարի նմանատիպ խնդրանքներով ռուս պաշտոնյաները դիմել են Ղազախստանի, Ղրղզստանի, Քուվեյթի և Կատարի իշխանություններին։ Սակայն կոնկրետ պայմանավորվածությունների մասին ոչինչ չի հաղորդվել։
Նոր ինքնաթիռները շտապ անհրաժեշտ են ռուսական ընկերություններին, որոնք պատերազմի սկսվելուց հետո կորցրել են ոչ միայն Boeing-ը և Airbus-ը գնելու, այլև վերանորոգելու հնարավորությունը։ Դրանք ապահովել են ներքին քաղաքացիական ավիացիայի նավատորմի երկու երրորդը և ուղևորափոխադրումների 90%-ը։
Առանց օրիգինալ պահեստամասերի և տեխնիկական սպասարկման՝ փոխադրողները բախվել են մի շարք վթարների. 2024 թվականին «Նովայա գազետա. Եվրոպան» գրանցել է 208 ավիացիոն միջադեպ, ինչը մեկ քառորդով ավելի է, քան 2023 թվականին։ Ընդ որում, գրեթե յուրաքանչյուր երկրորդ դեպքը (90 դեպք), կապված է եղել շարժիչների խափանման կամ շասսիի անսարքությունների հետ։
Պատերազմի սկսվելուց և պատժամիջոցների սահմանվելուց հետո ռուսական իշխանությունները հայտարարել են ներքին ավիացիոն արդյունաբերության վերածննդի հավակնոտ ծրագրի մասին. նախատեսվում է, որ երկրում քաղաքացիական ինքնաթիռների արտադրությունը ընդամենը մի քանի տարվա ընթացքում դուրս կգա Խորհրդային Միության մակարդակ, իսկ մինչև 2030 թվականը ընկերությունները ավելի քան հազար ներքին արտադրության ինքնաթիռ կստանան։
Ըստ ծրագրի՝ դեռևս 2023 թվականին ռուսական փոխադրողները պետք է ներմուծումը փոխարինող Sukhoi Superjet և երեք Ту-214 ինքնաթիռ ստանային, իսկ 2024-ին՝ առաջին տիպի 20, երկրորդ տիպի՝ յոթ, ինչպես նաև վեց տարածաշրջանային MC-21 և երկու տուրբոպտուտակային Ил-114-300 ինքնաթիռ։ Մինչև 2026 թվականը երկրում քաղաքացիական ինքնաթիռների արտադրության ծավալները պետք է հասնեին տարեկան 120 միավորի, իսկ մինչև 2028 թվականը՝ գերազանցեին տարեկան 200-ը։ Իրականում, պատերազմի երեք տարվա ընթացքում ավիագործարաններից դուրս է եկել ընդամենը հինգ ինքնաթիռ՝ երեք Ту-214 և երկու Ил-96-300, գրում է Կոմերսանտը։
2025 թվականի սկզբին կառավարությունը որոշել է 1․5 անգամ կրճատել ինքնաթիռների արտադրության պլանը։







































