ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը անդրադարձել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի Ֆինանսատեխնիկական և դիմումների քննարկման վարչության պետ Հայկ Ղոսալմյանի աշխատանքից ազատմանը և նրա հայտարարությանն այն մասին, որ աշխատանքային տարաձայնությունների պատճառով է դիմում գրել։
«Տարաձայնությունները չեմ մեկնաբանի այս պահին, նրա որոշումն է եղել աշխատանքից դուրս գալն ու գուցե այլ հիմնարկներում իրացնելը»,–ասաց Մերոպսյանը՝ նշելով, որ Ղոսալմյանի աշխատանքից ինքն անձամբ դժգոհություններ չի ունեցել։
Հայկ Ղոսալմյանի հրաժարականը կապված է ՀԷՑ-ում տեղի ունեցող գործընթացների հետ, եւ աշխատանքային տարաձայնությունները ծագել են հենց ՀԷՑ–ի ժամանակավոր կառավարչի պաշտոնում Ռոմանոս Պետրոսյանի նշանակումից հետո:
ՀԾԿՀ նախագահը մեզ հետ զրույցում հավաստիացրեց, որ Հայկ Ղոսալմյանի աշխատանքից ազատումը կապված չէ ՀԷՑ–ի շուրջ գործընթացների հետ։
Ֆինանսատեխնիկական և դիմումների քննարկման վարչությունը, որը ղեկավարում էր Հայկ Ղոսալմյանը, առնչվում է այն գործառույթների հետ, որոնք ՀԷՑ–ում այժմ իրականացնում է Ռոմանոս Պետրոսյանը: Ըստ ամենայնի, կամ Հայկ Ղոսալմյանը թերացել է, և նրան առաջարկել են դիմում գրել, կամ, համարելով գորցընթացը հակաօրինական եւ գիտակցելով ապագա պատասխանտվության աստիճանը, նա որոշել է մասնակցություն չունենալ գործընթացներին։
Նշենք, որ Հայկ Ղոսալմյանը ՀԾԿՀ–ում էր աշխատում 1997 թվականից։