NASA-ն պլանավորում է միջուկային ռեակտոր տեղադրել Լուսնի վրա

NASA-ի գործադիր տնօրենի պաշտոնակատար և ԱՄՆ տրանսպորտի նախարար Շոն Դաֆին հաստատել է, որ ԱՄՆ-ը մտադիր է միջուկային ռեակտոր տեղափոխել Լուսին։ Նրա խոսքով՝ նման քայլը անհրաժեշտ է կայուն էներգետիկ բազա ստեղծելու համար, որը կապահովի Լուսնի վրա երկարատև ներկայություն և կնախապատրաստի դեպի Մարս կատարվող ապագա առաքելություններին։

Դաֆին անօդաչու թռչող սարքերի կարգավորմանը նվիրված մամուլի ասուլիսում նշել է, որ Լուսնի վրա միջուկային էներգիայի օգտագործման գաղափարը քննարկվել է վաղուց։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը ներգրավված է «դեպի Լուսին մրցավազքում»՝ այդ թվում Չինաստանի հետ և ձգտում է ապահովել իր առաջնահերթությունը։

«Լսեք, սա նոր գաղափար չէ։ Սա քննարկվել է Դոնալդ Թրամփի առաջին նախագահության օրոք, [Ջո] Բայդենի օրոք, բայց մենք մրցավազքի մեջ ենք։ Մենք մրցավազքի մեջ ենք Լուսնի համար։ Չինաստանի հետ մրցավազքի մեջ ենք Լուսնի համար։ Իսկ Լուսնի վրա բազա ունենալու համար մեզ էներգիա է պետք», — հայտարարել է նա։

Դաֆին ընդգծել է, որ Լուսնի ամենագրավիչ հատվածն ունի սառցե պաշարներ և արևային լուսավորություն, գործոններ, որոնք կարող են տարածքը արժեքավոր դարձնել երկարաժամկետ ներկայության համար։

Նա նաև պարզաբանել է, որ արևային էներգիան կարող է բավարար չլինել կենսապահովման համար, հատկապես լուսնային երկար գիշերների պայմաններում և այս դեպքում միջուկային տեխնոլոգիան դառնում է անփոխարինելի։

«Եվ այդ նպատակների համար միջուկային ճեղքման տեխնոլոգիայի այդ մասը կարևոր է կյանքը պահպանելու համար, քանի որ արևային էներգիան դա չի կարող անել: Բայց այդ միջուկային ճեղքման տեխնոլոգիայի միայն մի փոքր մասն է բավարար մարդկային կյանքը պահպանելու համար», — ավելացրել է Դաֆին:

Նրա խոսքով՝ պահանջվող էներգիայի քանակը չափազանց մեծ չէ.

«Եվ ես կարծում եմ, որ խոսքը 100 կՎտ հզորության մասին է։ Դա նույն էներգիայի քանակն է, որը 2000 քառակուսի ֆուտ (մոտ 186 քառ. մ) մակերեսով տունը սպառում է երեքուկես օրում։ Այնպես որ, խոսքը լայնածավալ տեխնոլոգիաների մասին չէ», — պարզաբանել է նախարարը։

Նա նաև հաստատել է, որ կառավարությունն արդեն զգալի ներդրումներ է կատարել մշակման մեջ և այժմ հետազոտություններից անցնում է կիրառմանը։

«Եվ Լուսնի որոշ հիմնական հատվածներում մենք կստանանք արևային էներգիա։ Այս հեռանկարային տեխնոլոգիան [միջուկային ռեակցիա] վճռորոշ է և այդ պատճառով մենք հարյուր միլիոնավոր դոլարներ ենք ծախսել՝ ուսումնասիրելու համար այն իրականացնելու հնարավորությունը։ Այժմ ուսումնասիրություններից անցնում ենք գործնական քայլերի», — նշել է նա։

Ավելի վաղ Politico-ն հայտնել է, որ NASA-ն քննարկում է Լուսնի միջուկային ծրագրի արագացման հնարավորությունը՝ ի պատասխան Ռուսաստանի և Չինաստանի ակտիվության։ Գործակալության փաստաթղթերում նշվում է, որ առաջին երկիրը, որը միջուկային կայան կկառուցի Լուսնի վրա՝ կկարողանա «արգելված գոտի» սահմանել և սահմանափակել այլ պետությունների ներկայությունը։ Այս կապակցությամբ NASA-ն նախատեսում է մինչև 2030 թվականը տիեզերք արձակել 100 կիլովատտ հզորությամբ միջուկային ռեակտոր և կապալառու է փնտրում ծրագիրն իրականացնելու համար։

Լրահոս

Օրացույց

Օգոստոսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031