Ռուսաստանից Երևան ժամանած զբոսաշրջիկը դժգոհություն է հայտնել Երևանում հյուրանոցների վարքագծից՝ Ջենիֆեր Լոպեսի համերգի օրը։ Նրա խոսքով՝ մի շարք հյուրանոցներ չեղարկել են արդեն իսկ նախապես ամրագրված սենյակները՝ նախընտրելով ընդունել կրկնակի վճարող հյուրերի։
«Շատ մարդիկ հայտնվել են փողոցում, այդ թվում՝ ես։ Ինձ միայն հյուրանոց ժամանելուց երկու ժամ առաջ են տեղեկացրել, որ սենյակը չեղարկվել է։ Դա պարզապես անընդունելի է։ Երբ զանգահարել եմ այն հյուրանոցը, որը կատարել էր չեղարկումը՝ «Հոթել Նաիրիին», և հարցրել, թե ինչ պետք է անեմ գիշերվա ժամը 1-ին փողոցում մնալով, որևէ լուծում չեն առաջարկել։ Այդ ժամին այլ հյուրանոցները կամ չէին պատասխանում հեռախոսազանգերին, կամ առաջարկում էին սենյակներ՝ օրական 40-50 հազար դրամ արժողությամբ»,- նշել է տուժած քաղաքացին իր Ինստագրամի հրապարակման մեջ։
Զբոսաշրջիկը նաև դժգոհել է համերգի կազմակերպման մակարդակից՝ նշելով, որ մարդկանց արգելել են ներս տանել նույնիսկ ջուր։ «Մենք ջուր չունեինք, իսկ ընկերուհուս ինքնազգացողությունը վատացավ։ Բարեբախտաբար, մեր կողքին կային մարդիկ, ովքեր օգնեցին՝ ջուր տալով մեզ։ Սակայն սա կազմակերպչական բացթողում է։ Նման մասշտաբի միջոցառումների ժամանակ պետք է մտածել նաև մարդկանց տարրական հարմարության մասին»,-գրել է նա։