Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը փակել է Աստրախանի մարզում գտնվող Կապուստին Յար հրթիռային հրաձգարանի օդային տարածքը, ըստ NOTAM (Notice To Air Missions) ծանուցման։ Ծանուցման համաձայն՝ այս տարածքում թռիչքները սահմանափակվելու են օգոստոսի 4-ից 8-ը ընկած ժամանակահատվածում։
ԱՄՆ Դաշնային ավիացիոն վարչությունը, իր հերթին, Կապուստին Յարի տարածքի վրայով «երկնքի փակման» մասին ծանուցում է տարածել: Ռոստովի թռիչքային տեղեկատվական շրջանի կողմից օգոստոսի 4-ին ուղարկված NOTAM-ում նշվում է, որ օդային տարածքը կփակվի օգոստոսի 5-ին Մոսկվայի ժամանակով ժամը 09:00-ին և կբացվի օգոստոսի 9-ին ժամը 19:00-ին:
Ռուսաստանի կողմից միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների արձակումների համար նախատեսված զորավարժարանի օդային տարածքը փակելու մասին հաղորդագրությունը հայտնվել է ԱԳՆ-ի հայտարարությունից հետո։ Հայտարարության մեջ ասվում է, որ ՌԴ-ն իրեն այլևս կապված չի համարում ցամաքային միջին և փոքր հեռահարության հրթիռների (ՄՓՀՀ) տեղակայման ինքնասահմանափակումներով՝ Ռուսաստանի շուրջ «ապակայունացնող հրթիռային ներուժի» ավելացման ուղղությամբ «կոլեկտիվ Արևմուտքի» գործողությունների պատճառով։
Երկուշաբթի օրը հրապարակված հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ Կրեմլը որոշումներ կկայացնի «արձագանքման միջոցառումների կոնկրետ պարամետրերի վերաբերյալ»՝ հիմնվելով «միջազգային անվտանգության և ռազմավարական կայունության ոլորտում ստեղծված իրավիճակի» զարգացման վերաբերյալ տվյալների վրա։