ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն պատրաստվում են ուլտիմատում ներկայացնել պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժմանը, որի չկատարման դեպքում հրեական պետությունը կընդլայնի իր ռազմական գործողությունների մասշտաբները Գազայի հատվածում, հաղորդում է The New York Times-ը։
Նրա տեղեկություններով՝ Իսրայելի իշխանությունները պահանջում են, որ Համասը անհապաղ ազատ արձակի բոլոր իսրայելցի պատանդներին, որոնցից մնացել է առնվազն 20 մարդ՝ Իսրայելի բանտերից պաղեստինցի բանտարկյալների ազատ արձակման դիմաց։ Ակնկալվում է, որ արմատականները ստիպված կլինեն նաև վերադարձնել զոհված պատանդների 30 մարմինները։ Բացի այդ, Իսրայելը և Միացյալ Նահանգները պահանջում են, որ Համասը համաձայնի զենքը վայր դնել և ապագայում դադարեցնել զինված պայքարը։
Համասի խոսնակ Մահմուդ Մարդավին թերթին ասել է, որ շարժումը չի համաձայնվի զենքը վայր դնել։ «Սա մեր պահանջն է եղել սկզբից՝ պատերազմի ավարտ, Գազայի հատվածում գերիների ազատ արձակում և հետագա համաձայնագրեր, ինչպես նաև հստակ և համապարփակ համաձայնագիր», — ասել է նա։
Հուլիսի 27-ին Գազայում Համասի առաջնորդ Խալիլ ալ-Հայան հայտարարել է, որ Իսրայելի հետ բանակցությունները անիմաստ են անկլավի շարունակական շրջափակման համատեքստում: Մինչ այդ, Նեթանյահուն հրամայել էր հետ կանչել պատվիրակությունը Կատարի մայրաքաղաքից, որտեղ հուլիսի 6-ից բանակցություններ են ընթացել Գազայում հակամարտության կարգավորման վերաբերյալ: ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆն իր հերթին հայտարարել է, որ Վաշինգտոնը նույնպես որոշել է հետ կանչել բանակցողներին Դոհայից՝ «ՀԱՄԱՍ-ի վերջին պատասխանից հետո, որը հստակ ցույց է տալիս Գազայում հրադադարի հասնելու ցանկության բացակայությունը»։ Իրենց հերթին պաղեստինցի արմատականները համաձայնություն չեն հայտնել Ուիթքոֆի նման գնահատականի հետ և հայտարարել են, որ մյուս միջնորդները, իբր, «հավանություն են տվել տրված պատասխանին և այն անվանել կառուցողական»։