ԱՀԿ. Գազայի հատվածում թերսնումը հասել է տագնապալի մակարդակի

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կիրակի օրը նախազգուշացրել է, որ Գազայի հատվածում թերսնման մակարդակը հասնում է «տագնապալի մակարդակի»՝ ընդգծելով, որ օգնության մատակարարումների «դիտավորյալ արգելափակումը» լիովին կանխարգելելի էր և բազմաթիվ կյանքեր արժեցավ, հայտնում է AFP-ն։

«Գազայի հատվածում նկատվում է թերսնման վտանգավոր միտում, ինչի մասին է վկայում հուլիսին մահացության կտրուկ աճը», — ասվում է ԱՀԿ-ի հայտարարության մեջ։

2025 թվականին թերսնման հետ կապված մահվան 74 գրանցված դեպքից 63-ը տեղի է ունեցել հուլիսին, այդ թվում՝ մինչև հինգ տարեկան 24 երեխա, հինգ տարեկանից բարձր մեկ երեխա և 38 մեծահասակ։

«Այս մարդկանցից շատերը մահացած են հայտարարվել բժշկական հաստատություններ ժամանելուն պես կամ մահացել են դրանից անմիջապես հետո, նրանց մարմինների վրա հայտնաբերվել են լուրջ հյուծվածության ակնհայտ նշաններ, — հայտարարել են ՄԱԿ-ի առողջապահական գործակալությունում։ — Ճգնաժամը դեռևս կարելի է լիովին կանխարգելել։ Սննդի, բժշկական և մարդասիրական օգնության լայնածավալ մատակարարումների դիտավորյալ արգելափակումն ու հետաձգումը բազմաթիվ կյանքեր արժեցան»։

Գազա քաղաքում մինչև հինգ տարեկան գրեթե յուրաքանչյուր հինգերորդ երեխան ներկայումս տառապում է սուր թերսնումից, հայտնել է ԱՀԿ-ն՝ հղում անելով Սնուցման կլաստերի իր գործընկերներին։

Գործակալությունն ընդգծել է, որ հունիսից ի վեր քաղաքում սուր թերսնումից տառապող վեցից 59 ամսական երեխաների թիվը եռապատկվել է, ինչը այն դարձնում է պաղեստինյան տարածքի ամենաշատ տուժած շրջանը։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031