Իրենք հանկարծակիի են եկել. ավտոտնակում գերեզմանի բիսեդկա կա. Երեւանի կենտրոնում ավտոտնակներ են քանդում

Երեւանի կենտրոնում, Մաշտոցի 19 շենքի բակում, քաղաքապետարանի աշխատակիցների գլխավորությամբ տրակտորով քանդում են մետաղյա ավտոտնակները։ Բնակիչները, որոնք տարիներ շարունակ օգտագործել են այդ ավտոտնակները, բողոքում են եւ խնդրում, որ գոնե այլ վայրում տեղ հատկացնեն իրենց ավտոտնակների համար։

Քաղաքապետարանի աշխատակիցը լրագրողների հետ զրույցում նշեց, որ այդ հատվածում կանաչ տարածքն ազատում են ավելորդ ավտոտնակներից, որպեսզի այգին ազատվի բնակիչների համար։ Նաեւ նշեց, որ ավտոտնակները ապօրինի են, պարզապես մարդիկ տնօրինել են դրանք։

Այստեղ է նաեւ Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը, ով լրագրողների հետ զրույցում նշեց, որ բնակիչները չունեն սեփականության վկայական, բայց քաղաքային իշխանությունները կարող են ինչ-որ այլընտրանքներ առաջարկել մարդկանց. «Այո, ապօրինի են ավտոտնակները, բայց մարդիկ տարիներ շարունակ համապատասխան վճարումներ են կատարել, նշանակում է այդ վճարումներն էլ են ապօրինի։ Այսինքն այստեղ պետք է ոչ թե քաղաքային իշխանությունները առաջնորդվեն զուտ դատավորի կեցվածքով, չոր օրենքով, այլ նաև ինչ-որ լուծումներ առաջարկեն, այլընտրանքային տարածքներ հատկացնեն։ Բայց այն, որ քաղաքային որոշակի հատվածներ կան, որոնք բարենորոգման կարիք են զգում, դա էլ է անհերքելի»։

Բնակչուհիներից մեկը՝ Նորա Բադալյանը, ով եւս այդտեղ ավտոտնակ ունի, նշեց, որ նախապես իրենց չեն տեղեկացրել, որ գալու են քանդեն. «Ես Մաշտոցի 19 շենքի բնակիչ եմ։ Ապօրինի ձևով առանց նախապես զգուշացման, որոշում ներկայացնելու, հանկարծակիի են բերել ինձ, եկել են ավտոտնակը քանդելու։ Ես ոստիկաններ եմ հրավիրել, որոնք չեն էլ արձանագրել։ Ասում են՝ թուղթ ու գրիչ տուր, արձանագրենք։ Զավեշտ է ուղղակի։

Որոշումը շատ դժվարությամբ են տվել, մեկ ժամ վիճելուց հետո նոր ինձ տրամադրել են պարոն Ավինյանի որոշումը։ Ավտոտնակում գտնվում է գերեզմանի տաղավար։ Սա իրենց հանկարծակիի է բերել, չէին սպասում, որ ավտոտնակում այսպիսի բան կարող է լինել։ Սա ևս ապացուցում է, որ մեզ չէին զգուշացրել։

Նախկին իշխանությունները մեզ զրկել են մեր ավտոտնակը սեփականաշնորհելու հնարավորությունից, իսկ ներկաները առանց նախատես զգուշացնելու, առանց հասկանալու ինչ փաստաթղթեր ունենք մենք, եկել, քանդում են»։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031