Վաղարշապատ և Խոյ համայնքները կմիավորվեն․ ԱԺ-ն ընդունեց փաթեթը

Խորհրդարանը 60 կողմ, 26 դեմ, 1 ձեռնպահ ձայներով՝ երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու և «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը, որով Արմավիրի մարզի Վաղարշապատ և Խոյ համայնքները կմիավորվեն։

ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանի հիմնավորմամբ՝ նպատակն առավել արդյունավետ կառավարումն է։ Նրա խոսքով՝ միավորված համայնքն ավելի մեծ թվով բնակիչներ կունենա, հետևաբար նաև պետբյուջեից ավելի շատ միջոցներ կուղղվեն։

Նշենք, որ «Հայաստան» խմբակցության անդամների կարծիքով՝ օրենսդրական փաթեթի նպատակը քաղաքական է՝ համայնքների միավորմամբ հասնել նրան, որ ՏԻՄ ընտրություններում ՔՊ թեկնածուն հաղթի։ Պատգամավոր Արման Ղազարյանը մեղադրեց իշխանություններին համայնքային լսումների և հանրային քննարկումների բացակայության պայմաններում համայնքների խոշորացման գործընթաց սկսելու մեջ։

«Հայաստան» խմբակցության անդամ Գեղամ Մանուկյանի խոսքով՝ Վաղարշապատի համայնքապետի հրաժարականից հետո թեպետ ավագանու ՔՊ-ական բավարար թվով անդամներ կան համայնքապետ ընտրելու համար, բայց իշխանությունը գիտակցում է՝ կարող թեկնածու չկա, ուստի որոշել են Խոյի հետ միավորել։

Ըստ նրա՝ եթե մի օր էլ առողջապահության նախարարի հարմար թեկնածու չլինի, իշխանությունը կարող է որոշել, օրինակ, առողջապահության նախարարությունն էլ միավորել ԿԳՄՍՆ-ի հետ, միայն թե ՔՊ-ական նախարար լինի։

Հիշեցնենք` Վաղարշապատի համայնքապետ Դիանա Գասպարյանը մայիսի 15-ին հրաժարական տվեց։

Գասպարյանի հրաժարականից հետո Վաղարշապատի համայնքապետի ընտրության համար հրավիրված ավագանու նիստը հունիսի 12–ին տապալվեց։ ՔՊ խմբակցության ավագանու 15 անդամները չէին ներկայացել նիստին, ինչի հետևանքով քվորում չապահովվեց։ Նիստին ներկա էին միայն ընդդիմադիր երկու խմբակցությունների ավագանու անդամներ։

Վաղարշապատում ՏԻՄ ընտրությունները կանցկացվեն նոյեմբերի 16–ին։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031