«Մեծ յոթնյակի» արտաքին գործերի նախարարները հայտարարություն են տարածել, որում կոչ են արել վերսկսել Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները՝ միաժամանակ անվերապահ աջակցություն հայտնելով Իսրայելին։
Ինչպես նշում է «Ալ Ջազիրան»՝ «Մեծ յոթնյակի» հայտարարության մեջ չի հիշատակվում Իսրայելի միջուկային զինանոցը, որը լուրջ սպառնալիք է ներկայացնում ինչպես Մերձավոր Արևելքի, այնպես էլ համաշխարհային անվտանգության համար։
Փոխարենը հայտարարության մեջ նշվում է, որ բանակցությունների վերսկսումը կարող է հանգեցնել համաձայնության, որը կկանխի միջուկային զենքի տարածումը և կապահովի տարածաշրջանային կայունություն։
«Մեծ յոթնյակի» անդամները նաև ողջունել են Իրանի և Իսրայելի միջև հրադադարը և կոչ արել շարունակել դիվանագիտական ջանքերը՝ լարվածությունը նվազեցնելու համար։
Բացի այդ, «Մեծ յոթնյակի» երկրների արտաքին գործերի նախարարները վճռական աջակցություն են հայտնել Իսրայելի անվտանգությանը և դատապարտել են այն, ինչ իրենք անվանել են «Իրանի կոչեր՝ ԱՏԷՄԻԳ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիին ձերբակալելու և մահապատժի ենթարկելու վերաբերյալ», արտահայտելով խորը մտահոգություն այս հարցի կապակցությամբ։