Անհետ կորածների հարազատների բողոքի ակցիա են իրականացնում ՀՀ կառավարության շենքի մոտ և իրենց դժգոհությունն են հայտնում ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանի պաշտոնից ազատման կապակցությամբ։
«Պարոն Աբազյանը պետք է հետ գա իր զբաղեցրած պաշտոնին, որովհետև անհետ կորածների և գերիների հումանիտար բանակցությունների վարման մասով նա առնվազն 5 տարի աշխատանք է տարել, եկել են տրամաբանական ինչ–որ կետի, որից հետո, մենք մեծ հույսեր էինք կապում մեր հարազատների վերադարձի հարցով»,– ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։
Ակցիայի մասնակիցների խոսքով` իրենք չեն հանդուրժի, որ ինչ–որ քաղաքական պատվեր չկատարելու համար Աբազյանին ազատեն պաշտոնից, որովհետև նա մշտապես կապի մեջ է եղել ինչպես անհետ կորածների, այնպես էլ գերիների հարազատների հետ։
Հիշեցնենք, որ Արմեն Աբազյանն այսօր առավոտյան ազատվել է ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից։ Վարչապետ Փաշինյանը ԱԺ-ում շրջանցեց լրագրողի այն հարցը, թե արդյոք ԱԱԾ տնօրենի` պաշտոնից ազատվելը կապ ունի երեկ գործարար Սամվել Կարապետյանի և որոշ հոգեւորականների դեմ նրա գրառումների ու քայլերի հետ։ Միայն նշեց, որ Արմեն Աբազյանն իր իշխանության օրոք ամենաերկարն է եղել ԱԱԾ տնօրեն ու եղել է ամենաբարդ ժամանակահատվածում` 2020 թվականից սկսած, ու նա արժանացել է նրան որ մի քիչ հանգստանա։
Հիշեցնենք, որ Սամվել Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է՝ իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչը, որը կատարվել է հրապարակայնորեն ցուցադրվող ստեղծագործությունները կամ զանգվածային լրատվության միջոցները կամ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով:
Նշենք, որ խոսքը Սամվել Կարապետյանի հարցազրույցի մասին է, որտեղ նա, մասնավորապես, հայտարարել էր. «Մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա։ Քանի որ ես միշտ եղել եմ հայոց եկեղեցու կողքին ու հայ ժողովրդի կողքին, ունենալու եմ անմիջական մասնակցությունը։ Եթե քաղաքական գործիչներին չհաջողվի, ապա մենք մեր ձևով ենք մասնակցելու այս ամեն ինչին»։