Իրանն ուրբաթ գիշեր եւ շաբաթ առավոտյան մի քանի բալիստիկ հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ, ինչի հետեւանքով իսրայելցիներն ամբողջ երկրում ստիպված են եղել ապաստան փնտրել, մինչ երկինքը լցվել է լույսի շողերով եւ կրակե գնդերով՝ արձակված արկերից, հաղորդել է Times of Israel-ը։
Տեղեկացվել է, որ հարվածների հետեւանքով վիրավորվել է մոտ 80 մարդ, այդ թվում՝ չորսը՝ ծանր եւ ավելի ուշ մահացել են ստացած վնասվածքներից: Մագեն Դեյվիդ Ադոմի հայտարարության համաձայն՝ եւս մի քանիսը ծանր վիրավորվել են: Մնացածը թեթեւ կամ միջին ծանրության վիրավորումներ են ստացել կամ ունեցել են սուր հոգեկան անհանգստություն:
Իսրայելի պաշտպանության ուժերը (ՑԱԽԱԼ) հայտնել են, որ գիշերը եղել է հարձակումների չորս ալիք, որոնցից յուրաքանչյուրը պարունակել է տասնյակ հրթիռներ, չնայած հրաժարվել են կոնկրետ թվեր տրամադրել։
Մի քանի հրթիռներ ընկել են կենտրոնական Իսրայելում, հզոր պայթյուններ են լսվել Թել Ավիվի տարածքում, իսկ մի քանի վայրերից ծուխ է բարձրացել։ Ոստիկանությունը հայտնել է, որ որսած հրթիռի մեծ բեկորն ընկել է Իսրայելի հյուսիսային քաղաքի վրա՝ վնաս պատճառելով։
ՑԱԽԱԼ-ի ներկայացուցիչ, բրիգադի գեներալ Էֆի Դեֆրինը հայտարարել է, որ հրթիռների մեծ մասը որսացվել է հակաօդային պաշտպանության կողմից կամ չի հասել Իսրայելի տարածքին։ «Շենքերին հարվածների թիվը սահմանափակ է, որոնցից մի քանիսը բեկորային արկերի հետեւանք են եղել»,- ասել է նա։
Ամերիկացի պաշտոնյան հայտնել է, որ ԱՄՆ-ը օգնել է Իսրայելին պաշտպանվել հրթիռային հարձակումներից։
«Ես կարող եմ հաստատել, որ ԱՄՆ-ը օգնում է խոցել Իսրայելին ուղղված հրթիռները»,- AFP-ին ասել է պաշտոնյան՝ անանուն մնալու պայմանով։
ԱՄՆ դերի չափի մասին չի տեղեկացվում։