Հինգշաբթի օրը Հնդկաստանի արևմտյան Ահմադաբադ քաղաքում թռիչքից մի քանի րոպե անց վթարի է ենթարկվել Air India-ի ինքնաթիռը, որում 242 մարդ կար, հայտնել են ավիաընկերությունը և ոստիկանությունը։
Հնարավոր զոհերի և տուժածների մասին դեռևս չի հաղորդվում:
Air India-ն հայտնել է, որ ինքնաթիռը ուղևորվում էր Մեծ Բրիտանիայի Գատվիկ օդանավակայան: Ոստիկանների տեղեկացմամբ՝ այն վթարի է ենթարկվել օդանավակայանի մոտակայքում գտնվող քաղաքացիական տարածքում։
«Այս պահին մենք պարզում ենք մանրամասները և կտրամադրենք լրացուցիչ տեղեկություններ», — X-ում նշել է Air India-ն։
Վթարը տեղի է ունեցել, երբ ինքնաթիռը պատրաստվում էր թռիչքի, հաղորդել է հեռուստաալիքներից մեկը։ Հեռուստաալիքներից մեկն էլ հրապարակել է տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես է ինքնաթիռը բարձրանում բնակելի թաղամասի վրայով, ապա անհետանում էկրանից։ Տեսանյութերում նաև երևում էին այրվող բեկորներ, իսկ օդանավակայանի մոտ երկինք էր բարձրանում խիտ սև ծուխ։
Flightradar24-ը հայտնել է, որ ինքնաթիռից վերջին ազդանշանը ստացել է թռիչքից վայրկյաններ անց։
Ըստ Flightradar24-ի՝ ինքնաթիռը Boeing 787-8 Dreamliner էր, որը գործող ամենաժամանակակից ուղևորատար ինքնաթիռներից մեկն է։