«Պատիվ ունեմ»-ը որոշել է չմիանալ վարչապետի թեկնածու Էդմոն Մարուքյանի առաջադրման գործընթացին

Ազգային ժողովի ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցությունը որոշել է չմիանալ ԱԺ պատգամավորներ Հովիկ Աղազարյանի և Հակոբ Ասլանյանի ներկայացրած վարչապետի թեկնածու Էդմոն Մարուքյանի առաջադրման գործընթացին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը:

«Վերահաստատելով ս.թ. մայիսի 6-ին մեր արտահայտած պատրաստակամությունն առանց նախապայմանների ՔՆՆԱՐԿԵԼ վարչապետի թեկնածուի հարցը ու նախաձեռնել վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց, որոշում ենք կայացրել չմիանալ ՀՀ ԱԺ պատգամավորներ Հովիկ Աղազարյանի և Հակոբ Ասլանյանի ներկայացրած վարչապետի թեկնածու Էդմոն Մարուքյանի առաջադրման գործընթացին: Ներկայացվող թեկնածուն իր քաղաքական հետագծով ոչնչով չի տարբերվում գործող կառավարիչներից և նույնչափ կրում է մեր երկրի ծանր իրավիճակի պատասխանատվությունը։ Այլ կերպ ասած՝ «Պատիվ ունեմ» խմբակցությունը դեմ է Նիկոլ Փաշինյանին «Նիկոլ Փաշինյան 2»-ով փոխարինելու գործընթացին, հետեւաբար թեկնածուի հետ հանդիպման անհրաժեշտություն չենք տեսնում», — գրել է Մամիջանյանը։

Փաշինյանի կառավարությունում հատուկ հանձնարարություններով դեսպան աշխատած Մարուքյանը դեռ ուրբաթ օրն է դիմել ընդդիմադիր խմբակցություններին ու հանդիպում խնդրել, որ քննարկեն այս հարցը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու հարցը վերջին շրջանում ակտիվ քննարկում են նաև խորհրդարանի ընդդիմադիր երկու խմբակցությունները: Նրանց այդպիսի նախաձեռնություն սկսելու առաջարկ էր արել «Արթուն ենք» քաղաքացիական շարժումը:

Վարչապետին անվստահություն հայտնելու Ազգային ժողովի որոշման նախագիծ կարող է ներկայացնել պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդը՝ միայն այն դեպքում, եթե միաժամանակ նոր վարչապետի թեկնածու են առաջադրում:

Լրահոս

Օրացույց

Մայիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031