TikTok-յան հիթ դառնալու մոլուցքով շատերը փորձելու են ավելի մեծ եռանդով սադրանքներ իրականացնել, այնուամենայնիվ, ես դատավորի դեր չեմ ստանձնելու․ Տիգրան Ավինյան

Կարևոր է սահմանել մեր թիմի վարքականոնը. Տեխնոլոգիաների այս միջավայրում Տիկտոկյան հիթ դառնալու մոլուցքով շատերը էլ ավելի մեծ եռանդով փորձելու են նմանատիպ սադրանքներ իրականացնել: Այս մասին, այսօր՝ մայիսի 5-ին, Երեւանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտարարեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով օրեր առաջ Նոր Նորքի թաղապետարանում տեղի ունեցած միջադեպին:

«Սա չի նշանակում, որ մեր որեւէ մկան ավել շարժում պետք է կատարի: Մկան ասելով նկատի չունեմ բիլակները, նկատի ունեմ ունքը: Մեր որեւէ արձագանք չի կարող լինել չզսպված նմանատիպ սադրանքներին:

Ես էն մյուս հատվածին սկի գնահատական չեմ ուզում տալ: Այն, որ Երեւանի քաղաքապետարանը մոտավորապես 100 պրոյեկտ ունի մանկապարտեզների, տարատեսակ պրոյեկտներ՝ բակերի հիմնանորոգման: Այդ 100-ից մոտ 40-ն ավարտին է հասցրել, տարբեր փուլերում են: Այդ 100-ից, այո, մի 4-5 հատը խնդրահարույց են վստահաբար: Բայց էդ խնդիրներն էլ կլուծենք: Հլը դեպք չի եղել, որ Երեւանի քաղաքապետարանը ընդունի աշխատանք, որը պատշաճ որակով չի արվել»,-ասաց Ավինյանը՝ հավելելով, որ տվյալ մանկապարտեզի նորոգման հետ վարչական շրջանի ղեկավարը որեւէ կապ չունի:

Հիշեցնենք, որ օրեր առաջ առավոտյան թաղապետարանի շենքում ծեծկռտուք է տեղի ունեցել: Թաղապետարանի աշխատակիցները՝ թաղապետի մասնակցությամբ ծեծի են ենթարկել ակտիվիստ Արթուր Չախոյանին: Ոստիկանության աշխատակիցները բերման են ենթարկել միայն Չախոյանին: Ոստիկանությունից հայտնել են, որ նա հրավիրվել է ոստիկանության Նոր Նորքի բաժին՝ հաղորդում ներկայացնելու:

Երևանի քաղաքապետարանից, անդրադառնալով տեղի ունեցածին, նշել են, որ բռնությունը ցանկացած դրսևորմամբ անընդունելի է, ընդ որում բռնությունը միայն ֆիզիկականը չէ:

Միջադեպից հետո Արթուր Չախոյանի աչքի տակ կապտուկ կար և արյան զեղման նշաններ:

Հիշեցնենք, որ նախօրեին Արթուր Չախոյանն ու Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը հայհոյախառն և անվայելուչ արտահայտություններով ակցիա էին իրականացրել թաղապետարանում: Նրանք հայտարարել էին, որ սա պատասխանն է նրա, որ թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանը հեռախոսով հայհոյել է իրենց:

Ավելի ուշ Տիգրան Տեր-Մարգարյանը, ով «Հանրապետություն» կուսակցության անդամ է, նշել էր, որ լավ է արել, որ հայհոյել է:

Միջադեպի առթիվ երկու քրեական գործ է հարուցվել՝ մեկը խուլիգանության հոդվածքով՝ Չախոյանի եւ Մանուկյանի նկատմամբ, մյուսը՝ «ֆիզիկական ներգործության» հոդվածով՝ տեղի ունեցած ծեծի մասով, այդ թվում մեղադրանք է առաջադրվել նաև թաղապետի նկատմամբ:

Լրահոս

Օրացույց

Մայիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031