Ֆինանսների նախարարը պարզաբանել է, թե ինչ ազդեցություն կունենա Ամուլսարի հանքի գործարկումը ՀՆԱ-ի վրա

Կառավարությունում համոզված են, որ կկարողանան հասնել 2025-ի բյուջեի մասին օրենքի հիմքում դրված տնտեսական աճի ցուցանիշին:  Նման վստահություն հայտնեց Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը: 

Անդրադառնալով Հայաստանի տնտեսական աճի վերաբերյալ տարբեր կառույցների կողմից արվող կանխատեսումներին՝ նախարարը նշեց, որ այդ կանխատեսումների մեջ դրված են տարբեր սցենարներ և տարբեր ենթադրություններ: Կարևոր է, թե ով ինչ ենթադրություն է անում:

Անդրադառնալով Ամուլսարի գործարկման վերաբերյալ հարցին՝ Հովհաննիսյանը նկատեց. «Ամուլսարի գործարկումը կարող է ունենալ դրական ազդեցություն: Եթե այս տարի արդեն աշխատանքը սկսվի, դա մեր գնահատմամբ կարող է  0.5 տոկոսի շրջանակներում ազդեցություն ունենալ ՀՆԱ-ի աճի վրա»:

Ըստ կառավարության՝ ՀՀ տնտեսական աճը վերադառնում է իր պոտենցիալ աճին, որը կազմում է 5-5.5 տոկոս:

 «Կարծում եմ՝ այն, ինչ դրել ենք բյուջեում, որպես տնտեսական աճի ցուցանիշ, կկարողանանք հասնել: Քանի որ տարվա վերջում է պլանավորվում Ամուլսարի գործարկումը, ինձ թվում է, որ իր ազդեցությունն ավելի շատ սահմանային է լինելու՝ կախված, թե երբ կկարողանան իրենք արդյունք տալ»,-ասաց նախարարը:

Կառավարությունը փետրվարի 27-ի նիստում որոշել էր մինչև 150 մլն դոլարի բյուջետային երաշխիք տրամադրել «Լիդիան Արմենիա» ընկերությանը՝ Հայաստանի բանկերից՝ Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման համար վարկ ներգրավելու նպատակով։

 «Լիդիան Արմենիա» ընկերությունից հայտարարել են, որ Ամուլսարի հանքը կվերաբացվի և կսկսի շահագործվել ընթացիկ տարվա վերջին: Ավելի վաղ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը տեսակետ էր հայտնել, որ հանքի շահագործումը կարևոր դեր է խաղալու 2025-ի և ապագա տարիների տնտեսական աճի ցուցանիշներում:

 2025թ բյուջեի մասին օրենքի հիմքում այս տարվա համար դրվել էր 5.1 տոկոս տնտեսական աճի կանխատեսումը: 

Լրահոս

Օրացույց

Մայիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031