Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը նշել է, որ Սյունիքի մարզի Շաքի բնակավայրում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ կարելի է քննարկել Հայաստանի պատկան մարմինների գործողությունները, այդ թվում՝ բնակչությանը նախապես զգուշացնելու նպատակահարմարությունը։ Նրա խոսքով՝ նման որոշումներ կայացնելիս անհրաժեշտ է գնահատել դրանց հնարավոր օգուտներն ու վնասները։
Ռուբինյանն այս մասին ասել է լրագրողների հետ զրույցում՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ բնակիչներին նախապես չեն տեղեկացրել ադրբեջանցի զինծառայողի՝ Հայաստանի տարածքում գտնվելու հնարավորության մասին։
«Կարելի է նաև քննարկել հարցը ռազմավարական և մարտավարական իմաստով։ Արդյոք նման դեպքերում զգուշացումը բնակչությանն օգտակա՞ր է, թե՞ ոչ։ Ո՞րն է ավելի շատ վնաս, ո՞րն է օգուտ։ Կարող է, օրինակ, որ գիտես, որ կա շանս, որ քո տարածքում կա այդ զինծառայողը, բայց կարող է և քո տարածքում չէ։ Կարող է այդ դեպքում բնակչությանը տեղեկացնես, դրա արդյունքում բնակիչներն իրար վրա կրակեն պատահաբար, որովհետև բոլորը մտածում են՝ տարածքում զինծառայող կա։ Եվ այսպես հազար բան կա, որ պատկան մարմինները պետք է քննարկեն և որոշում կայացնեն։ Եվ վստահ եմ, որ հետադարձ հայացքով համապատասխան գործընթացներ կլինեն և կհասկանան՝ ճիշտ է արվել, սխալ է արվել, լավ է արվել, վատ է արվել»,-ասել է Ռուբինյանը։
ԱԺ նախագահն անդրադարձել է նաև զինծառայողի՝ Հայաստանի տարածքում հայտնվելու հանգամանքներին։
Ռուբինյանի գնահատմամբ՝ ադրբեջանական կողմի նախնական տեղեկացումը հիմք է տալիս եզրակացնելու, որ դեպքը դիվերսիա չէր։
«Այս դեպքում նույնպես դեռ պետք է պարզվի՝ այդ զինծառայողը ինչ պայմաններում է հայտնվել Հայաստանի տարածքում, այսինքն՝ դասալի՞ք է, թե՞ մոլորվել է։ Ենթադրում եմ, որ դասալիք է։ Բայց ակնհայտ է, որ գործ չունենք դիվերսիայի հետ, որովհետև եթե գործ ունենայինք դիվերսիայի հետ, ադրբեջանական կողմը նախապես չէր տեղեկացնի հայկական կողմին։ Հետևաբար՝ լավ լուրն այն է, որ մենք գործ չունենք նպատակաուղղված՝ Ադրբեջանի կողմից դրդված ներխուժման»,-հայտարարել է նա։
Ռուբինյանը մարդկանց բնակարան մուտք գործելն ու նրանց վրա կրակելը որակել է որպես հանցագործություն՝ ընդգծելով, որ զինծառայողը ձերբակալվել է, և նրան մեղադրանք է առաջադրվել։ Նրա խոսքով՝ հետագա ընթացքը պետք է ապահովեն արդարադատության մարմինները։Անդրադառնալով միջադեպի՝ խաղաղության գործընթացի վրա ազդեցության վերաբերյալ ընդդիմության քննադատությանը՝ ԱԺ նախագահը պնդել է, որ տվյալ դեպքում գործողությունների սուբյեկտը հանցագործություն կատարած անհատն է։
Նա նաև ընդդիմադիր գործընկերներին մեղադրել է միջադեպը խաղաղության վերաբերյալ իշխանության դիրքորոշումը քննադատելու համար օգտագործելու մեջ։Հոկտեմբերի 1-ին Ադրբեջանի քաղաքացի, զինծառայող Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը մուտք էր գործել Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Շաքի բնակավայրի տներից մեկը և կրակոցներ արձակել։ Վիրավորվել էր ՀՀ քաղաքացի, մարմնական վնասվածքներով բուժօգնության էին դիմել նաև նրա երկու անչափահաս երեխաները։ Մուսաևը նույն օրը հայտնաբերվել և ձերբակալվել էր։
Ավելի վաղ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հայտնել էր, որ Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը սեպտեմբերի 29-ին տեղեկացրել էր զինծառայողի՝ ծառայության վայրը լքելու մասին՝ չբացառելով Հայաստանի սահմանն ապօրինի հատելու հնարավորությունը։ Ըստ ԱԱԾ-ի՝ դրանից հետո երկու երկրների իրավասու մարմիններն իրականացրել էին որոնողական աշխատանքներ։





































