Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Հռոմում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպումից հետո հանդիպել է նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ:
Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ երկու երկրի նախագահները քննարկել են խաղաղության հետագա ջանքերը։
Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգան «X»-ի միկրոբլոգում հրապարակել է նախագահների լուսանկարը և այն մակագրել. «Ի՞նչ է կատարվում հիմա. Զելենսկին և Մակրոնը դեմ առ դեմ՝ հետագա խաղաղության ջանքերի վերաբերյալ»։
Ինչպես հայտնել ենք՝ Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում ընթացել է Հռոմի Ֆրանցիսկոս պապի հոգեհանգստի արարողությունը, որին ներկա գտնվելու համար Վատիկան են ժամանել մի քանի տասնյակ պետությունների պատվիրակություններ ու ղեկավարներ։
Նրանց թվում են նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, երկուսն էլ՝ տիկնանց ուղեկցությամբ:
Պապի հուղարկավության բուն արարողությունից առաջ Հռոմում տեղի է ունեցել Թրամփի և Զելենսկիի հանդիպումը, Թրամփը «շատ արդյունավետ զրույց» է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ, հայտնել է Reuters-ը՝ հղում անելով Սպիտակ տան հաղորդակցության գծով տնօրեն Սթիվեն Չունգին։