Ադրբեջանը պնդում է, թե Խնածախի մշակույթի տան ուղղությամբ կրակ չեն բացել

Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը հայտարարել է՝ հայկական կողմն «անհիմն, իրականությանը չհամապատասխանող հայտարարություն, ապատեղեկատվություն է տարածել»։

«Մենք ևս մեկ անգամ հայտարարում ենք, որ ադրբեջանական բանակի ստորաբաժանումները երբեք կրակ չեն բացում քաղաքացիական անձանց և քաղաքացիական օբյեկտների վրա», — արձագանքելով Սյունիքի մարզի Խնածախ գյուղի մշակութային տունը ադրբեջանական ԶՈւ-ի կողմից թիրախավորելու մասին Երևանի մեղադրանքներին՝ հայտարարել է Ադրբեջանի ՊՆ -ն։

Հայկական զինված ուժերին մեղադրելով սադրանքների մեջ՝ Բաքուն պնդում է՝ ադրբեջանական բանակը «համարժեք միջոցներ է ձեռնարկում միայն մեր դիրքերը հրետակոծող հայկական զինված ուժերի սադրանքներին ի պատասխան»։

Ադրբեջանական զինուժի՝ գրեթե մեկ ամիս շարունակվող կրակոցներից այս գիշեր վնասվել է Սյունիքի մարզի Խնածախ գյուղի մշակույթի տունը, այսօր տեղեկացրել է հայկական կողմը: Պաշտպանության նախարարությունը հաղորդագրությունից բացի, նաև լուսանկարներ է հրապարակել, հայտնել՝ կրակոցները հնչել են ժամը 22:20-ի սահմաններում, տուժածներ չկան:

Հայաստանի ռազմական գերատեսչությունը Բաքվից պարզաբանում է ակնկալում. — «Ադրբեջանական կողմին կոչ ենք անում հետաքննել Խնածախի մշակույթի տան գնդակոծման փաստը և հանդես գալ հրապարակային պարզաբանումներով»։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930