Երևանի Թումանյան 21/2 հասցեում գտնվող «Լոնդոն» հյուրանոցի հյուր՝ Թուրքիայի քաղաքացի 41-ամյա Ալի Ասլանի կողմից ոգելից խմիչքի ազդեցության տակ հայհոյելու և անհարգալից պահվածք դրսևորելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ։
ՔԿ նախագահի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը Auroranews-ին հայտնեց, որ քրեական վարույթ է նախաձեռնվել Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ խուլիգանությունը` հասարակության նկատմամբ անհարգալից կամ իրավական կամ բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելը, որը դրսևորվել է անձին ստորացնելով կամ մարդկանց անդորրը հայհոյանքներով կամ անպարկեշտ արտահայտություններով կամ նույն եղանակներով միջոցառումներ կամ արարողություններ խափանելով կամ հիմնարկների կամ կազմակերպությունների բնականոն աշխատանքը խոչընդոտելով։
Հայհոյանքներ հնչեցնող անձը եղել է երկքաղաքացի:
Հիշեցնենք՝ ավելի վաղ հաղորդվել էր, որ մարտի 11-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Shamshyan.com-ի հաղորդմամբ, ժամը 12։05-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Թումանյան 21/2 հասցեում գտնվող «Լոնդոն» հյուրանոցի հյուրը, Թուրքիայի քաղաքացի 41-ամյա Ալի Ասլանը ոգելից խմիչքի ազդեցության տակ հայհոյում և անհարգալից պահվածք է դրսևորում հյուրերի և աշխատակիցների նկատմամբ: