Հատուկ կարծիք եմ ներկայացրել Պետրոս Մարտիրոսյանի բարեվարքության վերաբերյալ. Իոաննիսյան

Բարեվարքության շեմը հաղթահարած թեկնածուների մասին որոշմանը կից ես հատուկ կարծիք եմ ներկայացրել Պետրոս Մարտիրոսյանի բարեվարքության վերաբերյալ, իմ ու հանձնաժողովի մյուս անդամների գնահատականները բավականին տարբերվող էին: Այս մասին այսօր՝ մարտի 11-ին, «Ո՞վ կղեկավարի Հակակոռուպցիոն կոմիտեն․մրցույթի արդյունքներ» թեմայով քննարկման ժամանակ նշեց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության համար ձևավորված խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանը:

Պետրոս Մարտիրոսյանի բարեվարքությունն, ըստ նրա, այնքան բարձր չէ, որքան պետք է լինի Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի բարեվարքությունը, քանի որ խոսքը վերաբերում է այնպիսի պաշտոնի, որտեղ պետք է ունենալ անբասիր վարք։

«Չորս խնդիր կար, որ ես արձանագրել եմ իմ հատուկ կարծիքի մեջ։ Դրանցից մեկն այն է, որ պարոն Մարտիրոսյանը, հանդիսանալով տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատանքային պայմաններից դժգոհելու ցույցերի ֆոնին Մոսկվայում մասնակցել է կոմբինատի տնօրենի ծննդյան փարթիին»,-ասաց Իոաննիսյանը։

Հիշեցնենք, որ 2024-ի նոյեմբերին Նիկոլ Փաշինյանի հորդորով հրաժարական է տվել Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը: Ձևավորվել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության խորհուրդ՝ բաղկացած վեց անդամից, որոնք ներկայացնում են ԲԴԽ-ն, ԱԺ-ն, Դատախազությունը, գործադիր իշխանությունը, ՀԿ սեկտորը։ ՄԻՊ-ը որակավորված մասնագետ չի ունեցել, հանձնաժողովում ներկայացուցիչ չի նշանակել։

Մրցույթի առաջին փուլում դիմել է մեկ թեկնածու, ԱԱԾ գլխավոր վարչության պետ Ռաֆայել Երիցյանը, որը բարեվարքության բավարար շեմը չի հաղթահարել։

Երկրորդ փուլում առաջադրվել է 5 թեկնածու, որից երեքը՝ Արթուր Նահապետյանը, Գևորգ Քոչարյանը և Պետրոս Մարտիրոսյանը հաղթահարել են բարեվարքության շեմը։ Բոլորը հինգն ունեցել են պետական աշխատանքի փորձ, նրանցից երկուսն ունեին հակակոռուպցիոն ոլորտում մասնագիտացված փորձ, նրանցից չորսը իրենց կարիերան սկսել էին մինչև հեղափոխողությունը, մեկը՝ դրանից հետո։

«Բարեվարքության շեմը հաղթահարած թեկնածուները ներկայացվել են կառավարությանը, գործադիրը նրանցից մեկին կնշանակի կոմիտեի նախագահ։ Օրենքի համաձայն, կառավարությունը կարող է ոչ մեկին չնշանակել, այդ դեպքում կրկին մրցույթ կհայտարարվի»,-նշեց նա։

Լրահոս

Օրացույց

Մարտի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31