Եթե արդարություն մեր երկրում չգտանք, միանշանակ հարցը մենք տեղափոխելու ենք Եվրոպական դատարանի հարթություն, կարծում եմ արդարություն կլինի: Այս մասին հայտարարել է Գյումրիի նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի փաստաբան Տիգրան Գրիգորյանը:
Նշենք, որ 1995 թվականից «Սև բերդը» գտնվում էր ՊՆ հաշվեկշռում, իսկ 2005-ին այն օտարվել է քաղաքացի Տիգրան Պետրոսյանին։ Վերջինս էլ 2012 թվականին վաճառել է Սամվել Բալասանյանին։ Ձեռքբերումից հետո Բալասանյանները վերակառուցել են բերդը, արել հսկայական ներդրումներ, այն դարձրել մշակութային մարզական համալիր:
2020-ի սեպտեմբերին «Սև բերդ» ամրոցի օտարման փաստով հարուցվել է քրեական գործ. ըստ ոստիկանության հաղորդագրության ամրոցը պատկանում էր պաշտպանության նախարարությանն ու օտարման ենթակա չէր, քանի որ պետական սեփականություն համարվող և օտարման ոչ ենթակա հուշարձան էր։
Գործը քննում էր հակակոռուպցիոն կոմիտեն։ Կարճ ժամանակ անց «Սև բերդի» օտարման հետ կապված քրեական գործը կարճվել է հանցագործի բացակայության հիմքով։
«Սև բերդի» հետ կապված մենք ունենք օրինական ուժ ստացած քրեական վարույթ իրականացնող մարմնի չբողոքարկված որոշում և ունենք ընդհանուր իրավաբանության դատարանի չբողոքարկված, օրինական ուժ ստացած որոշում»,- ասել է փաստաբան Տիգրան Գրիգորյանը:
Հանցադեպ օտարման փաստով չգտնվեց, փոխարենը հանցադեպ է փնտրվում սև բերդին հարող երկու հողակտորների առվաճառքի իրավական գործընթացում։ Քրեական վարույթը նախաձեռնվել է դեռևս 2022 թվականին, փաստաբան Գրիգորյանի խոսքով վարույթ իրականացնող մարմինը խտացրել է գույները, Բալասանյանների ընտանիքին ուշադրության կենտրոնում պահելու համար արհեստականորեն իրար կապել դեպքերը, մարդկանց ու իրադարձությունները։
«Մեղադրանքը կառուցել երկու հողակտորների վաճառքի հետ կապված և դա որակել փողերի լվացում, բնականաբար պաշտպանական կողմը չի ընդունում: Խոսքը գնում է օրինական գնումների մասին, օրինական փոխանցումների մասին և պետական լիազոր մարմնի կադաստրի կողմից իրավունքների պետական գրանցման մասին։ Այդ թվում, ուշագրավ է, հողերից մեկը վաճառել է ուղիղ վաճառքով, մեկը Գյումրու համայնքի կողմից կազմակերպված աճուրդի ընթացքում գնված է եղել, որին ցանկացած մարդ կարող է մասնակցել, ոչ մի փակ գաղտնի կամ ուղիղ վաճառք չի եղել: Իսկ մի հողակտորը Գյումրու համայնքի հետ բացարձակ որևիցե առնչություն չունի, մեր պաշտպանության նախարարության բալանսում էր գտնվում»,- նշել է փաստաբանը:
«Սև բերդ» ամրոցը, ըստ փաստաբանի, որևիցե ձևով առնչություն չունի սույն գործին. «Դեռևս 2020 թվականին է տեղի ունեցել տարբեր քննչական մարմիններում հարուցվել է, բայց արդյունքում քննվել է ամբողջ նախաքննությունը իրականացվել է հատուկ քննչական ծառայության կողմից և քրեական վարույթը կարճվել է բոլոր ֆիգուրանտների նկատմամբ:
Այս վիճելի հողերի հետ կապված, ոնց որ նախորդ «Սև բերդի» հետ կապված, մենք նվազագույնը այս պահին ունենք եռաստիճան դատական մեր ատյանների օրինական ուժի մեջ մտած դատական ակտ, որով դատական համակարգը չի դիտել տվյալ հողերի օտարման հետ կապված որևիցե խնդիր: Եվ եթե չի ընդունել վարույթ, չի քննել, դա համարվում է ճիշտ։ Վարչաիրավական և քաղաքացիայիրավական առումով այդ գույքը իրենցն է, կա դատական օրինական ուժ ստացած ակտ»,- ընդգծեց փաստաբանը:
Նա հայտարարել է, որ «Սև բերդ» ամրոցին հարակից հողատարածքների օտարման փաստով հարուցված քրեական վարույթի շրջանակներում պաշտպանական կողմը մեղադրանքը չի ընդունում. «Մենք պատրաստ ենք մինչ վերջ պայքարելու Հայաստանի Հանրապետության բոլոր ատյաններով ու նշեմ, եթե արդարություն մեր երկրում չգտանք, միանշանակ հարցը մենք տեղափոխելու ենք Եվրոպական դատարանի հարթություն, կարծում եմ արդարություն կլինի»: