Բաքուն արձագանքել է շինծու դատավարության վերաբերյալ ՀՀ ԱԳՆ-ի հայտարարությանը

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է ՀՀ ԱԳՆ-ի հայտարարությանը՝ Բաքվում պահվող հայ ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց ազատ արձակման խնդրի, ինչպես նաև դատավարական կոպտագույն խախտումներով և խոշտանգման աղաղակող նշաններով նրանց մի մասի նկատմամբ ընթացող բեմականացված դատավարությունների վերաբերյալ:

Ըստ Բաքվի՝ «Ժնևի կոնվենցիաների, ինչպես նաև միջազգային և ազգային օրենսդրության համաձայն՝ Ադրբեջանն իրավունք ունի և պարտավոր է հետաքննել ռազմական հանցագործությունները և պատասխանատվության ենթարկել մեղավորներին»։

«Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը կտրականապես մերժում և դատապարտում է Հայաստանի կողմից 2025 թվականի փետրվարի 28-ի հայտարարությունում հնչեցված անհիմն մեղադրանքները։ Այս հայտարարությամբ Երևանը փորձում է անջատողական ռեժիմի նախկին առաջնորդների և պատերազմական հանցագործությունների համար մեղադրվողների դատավարությունը ներկայացնել որպես իրենց իրավունքներն իբր ոտնահարող գործընթաց», — ասվում է հայտարարությունում։

Բաքվի պնդմամբ՝ նրանց կալանավորումն ու դատավարությունը իբր «չի խախտում» միջազգային իրավունքի ոչ մի նորմ, իսկ դատավարությունն ինքնին «թափանցիկ» է՝ մեղադրյալի իրավունքների «լիարժեք հարգմամբ»։ Բացի այդ, Ադրբեջանը հերքել է գերիների նկատմամբ վատ վերաբերմունքը:

Հիշեցնենք, որ ընդհանուր առմամբ, դատարանի առաջ կանգնած է 15 հայ` Արցախի նախկին նախագահներ Արայիկ Հարությունյանը, Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը, Պաշտպանության բանակի ԶՈւ շտաբի նախկին պետ Դավիթ Մանուկյանը, ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանը,ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, քաղաքացիական անձինք՝ Վասիլի Բեգլարյանը, Էրիկ Ղազարյանը, Դավիթ Ալավերդյանը, Գուրգեն Ստեփանյանը, Լևոն Բալայանը, Մադաթ Բաբայանը, Գարիկ Մարտիրոսյանը, Մելիքսեթ Փաշայանը:

Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի «գործն» առանձին են քննում։

Լրահոս

Օրացույց

Մայիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031