Հայկական Փի Ար ասոցիացիան խստորեն դատապարտում է Ադրբեջանի իշխանությունների կողմից Ռուբեն Վարդանյանի, Արցախի ղեկավարության և 44-օրյա պատերազմի հայ ռազմագերիների նկատմամբ իրականացվող խոշտանգումները, անօրինական ձերբակալությունները և անարդար դատավարությունները։ Այս մասին ասված է Սսոցիացիայի հայտարարության մեջ:
«Այս գործողությունները ոչ միայն կոպտորեն խախտում են միջազգային կոնվենցիաներով ամրագրված մարդու իրավունքները, այլև հանդիսանում են Ադրբեջանի հայատյաց քաղաքականության շարունակությունը՝ նպատակ ունենալով վախի մթնոլորտ ստեղծել և ճնշել ինչպես Հայաստանում, այնպես էլ՝ նրա սահմաններից դուրս ապրող հայությանը։
44-օրյա պատերազմից առայսօր տասնյակ հայեր՝ պետական, ռազմական և հասարակական գործիչներ, ինչպես նաև մեր հայրենակից ռազմագերիները պահվում են Ադրբեջանի բանտերում, ենթարկվում անմարդկային վերաբերմունքի՝ խոշտանգումների, հոգեբանական ճնշումների՝ ներգրավվելով կեղծ մեղադրանքներով շինծու դատավարությունների մեջ։ Նրանց նկատմամբ իրականացվող վայրագությունները հակասում են Ժնևի կոնվենցիային, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային և բոլոր միջազգային իրավական նորմերին։
Հայաստանի իշխանությունները պարտավոր են անհապաղ բոլոր հնարավոր դիվանագիտական, իրավական և քաղաքական միջոցները ձեռնարկել՝ պաշտպանելու իրենց քաղաքացիներին և ապահովելու նրանց ազատ արձակումը։ Հայաստանի պետական կառույցների պասիվությունը կամ անարդյունավետ քայլերն անընդունելի են և չեն կարող արդարացվել։
Միաժամանակ, միջազգային հանրությունն ու մարդու իրավունքների պաշտպանության կազմակերպությունները պետք է դադարեցնեն անտարբերությունը և գործուն քայլեր ձեռնարկեն՝ ձեռնպահ մնալ հայ ռազմագերիների նկատմամբ անմարդկային վերաբերմունքից և խոշտանգումներից, միաժամանակ ստիպեն Ադրբեջանին դադարեցնել շինծու դատավարությունները։ Այս հարցը պետք է բարձրացվի ՄԱԿ-ում, Եվրոպայի խորհրդում, ԵԱՀԿ-ում և բոլոր հնարավոր միջազգային հարթակներում, որոնք տարիներ շարունակ ամենաբարձր միջազգային ամբիոններից բարձրաձայնել են մարդու իրավունքների կարևորությունն ու գերակայությունը։ Պետք է կիրառվեն համապատասխան պատժամիջոցներ, որպեսզի Ադրբեջանը պատասխանատվություն կրի իր պատերազմական հանցագործությունների համար։
Մենք պահանջում ենք Ռուբեն Վարդանյանի, Արցախի ղեկավարության և բոլոր հայ ռազմագերիների անհապաղ ազատ արձակումը։ Մարդու իրավունքները, արդարադատությունը և միջազգային օրինականությունը չպետք է դառնան քաղաքական շահարկումների և էթնիկ ատելության զոհ»: