Թառահար և կոմպոզիտոր Միքայել Ոսկանյանը նոր տեսահոլովակ է թողարկել. (տեսանյութ)

Թառահար և կոմպոզիտոր Միքայել Ոսկանյանը երաժշտասերներին է ներկայացրել «Չթողնես երբեք» տեսահոլովակը։ Այն հանրահայտ երգիչ Ժակ Բրելի Ne me quitte pas երգի հայերեն տարբերակն է՝ նորարար և ժամանակակից գործիքավորմամբ: 

«Ինձ համար կարևոր էր հարգել ստեղծագործության սկզբնական ոգին՝ ստեղծելով նոր մեղեդի ու ներդնելով հայկական մշակութային նրբերանգներ, որ կարձագանքեին թե՛ հայկական, թե՛ ֆրանսիական մշակույթներում: Ստեղծվեց մի նոր երգ, որը կամրջում է հայկական ու ֆրանսիական երաժշտական    մշակույթները»,- մեկնաբանում է Միքայել Ոսկանյանը: 

Ոսկանյանը հայտնի է իր բազմաոճ գործունեությամբ՝ ժողովրդական երգերի համարձակ մշակումներից մինչև ջազային հեղինակային ստեղծագործություններ՝ իր հիմնադրած խմբերի կատարմամբ (Միքայել Ոսկանյան և ընկերներ, Թառափ): «Չթողնես երբեք»-ը արտացոլում է նրա երաժշտական գործունեության նոր ուղղությունը, որտեղ նա հանդես է գալիս որպես մենակատար և երգիչ՝ խմբային գործունեությունից դուրս: Որպես մենակատար Ոսկանյանը փորձարկում է նոր ժանրեր ու գործիքավորումներ՝ համագործակցելով ամենատարբեր երաժիշտների հետ թե՛ Հայաստանից, և թե՛ Հայաստանից դուրս՝ հայկական թառը հնչեցնելով ամենատարբեր ձևաչափերում: 

«Չթողնես երբեք» ստեղծագործությունն, ըստ Միքայելի, իր փորձարկումներից է ժամանակակից կամ այլընտրանքային փոփ ժանրում: Երգի թարգմանության հեղինակը Լիլիթ Բլեյանն է, իսկ գործիքավորումն ու ամբողջական արտադրությունը՝ Միքայել Ոսկանյանի: Երգի երաժշտական մեկնությունն ամբողջացրել է տեսահոլովակը, որը լսողական և տեսողական բովանդակային լուծումների ներդաշնակ փոխկապակցվածության և ստեղծագործողի յուրահատուկ մոտեցման դրսևորում է: Տեսահոլովակի բեմադրումն Անդո Բերբերյանինն է, տեսանկարահանումը՝ Նիկ Կոռնյևինը, իսկ արտադրությունը՝ Օբերտոն երաժշտական ընկերությանը: 

«Չթողնես երբեք» երգի և տեսահոլովակի թողարկման մասին Միքայելը հայտնել է Ֆրանսիայում կայացած իր հյուրախաղերի ընթացքում՝ ի նշան հայ-ֆրանսիական մշակութային կապի և համագործակցության: Հյուրախաղերի ընթացքում Միքայելը ելույթ է ունեցել Մարսելում, Լիոնում, Սենտ Էտիենում և Փարիզում՝ համագործակցելով ու նվագելով ինչպես ֆրանսիացի, այնպես էլ հայ երաժիշտների ու ոլորտի այլ ներկայացուցիչների հետ: Նա նաև դասընթացներ է անցկացրել հայկական երաժշտության և հայկական թառի մասին Սենտ Էտիենի կոնսերվատորիայում և Ֆրանսահայ երիտասարդական միության փարիզյան դահլիճում: Դասընթացների ու հանդիպումների արդյունքում ստեղծվել են հայկական երաժշտության հանրայնացմանն ու զարգացմանը խթանող նոր կապեր ու համագործակցություններ: Դասընթացի մասնակից մի երիտասարդ թառահար հայկական թառի վարպետի է գտել, ինչպես նաև Փարիզում դասավանդման առաջարկ ստացել: «Ես հավատում եմ, որ մի շարք հայանպաստ նախագծեր ու համագործակցություններ հենց այսպիսի հանդիպումներից են սկիզբ առել՝ խմբված հայկական երաժշտության ու մշակույթի շուրջ: Նպատակ ունեմ ընդլայնել այս ծրագիրն ու մասնագիտացված, խորքային կրթական ձևաչափ մշակել, որը կներկայացնեմ հայկական և միջազգային լսարաններին՝ հանրահռչակելով հայկական թառը, ավանդական և ժամանակակից հայկական երաժշտությունը»,-ամփոփում է Միքայել Ոսկանյանը։

Լրահոս

Օրացույց

Փետրվարի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728