Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը Կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում անդրադարձավ քրեական հեղինակություն «Ֆազ»-ի աղմկահարույց սպանության գործով կալանքի տակ գտնվող «Չաղ Ռուստամ»-ի՝ Ռուստամ Ստեփանյանի՝ կալանքից ազատ արձակվելու վերաբերյալ հարցին։
«Այդ հարցի հասցեատերը դատարանն է, քանի որ դատարանն է փոխել խափանման միջոցը, մենք այն իրականացնող մարմինն ենք, և այժմ խափանման միջոցի իրականացումը տեղափոխվել է պրոբացիայի ծառայության դաշտ, մեր խնդիրն է պատճաշ ապահովել խափանման միջոցի իրականացումը»,- ընդգծեց նախարարը։
Նրա խոսքով՝ պետք է ամեն ինչ անել, որպեսզի խնդիրների առաջ չկանգնել։
«Մեղադրանքն ապացուցվում է, ազատ է արձակվում անձը․ ես ենթադրում եմ, որ Դատախազությունը կբողոքարկի, որևէ լիազորություն այդ մասով ես չունեմ։ Ինչ վերաբերում է նրան, թե ինչու են բաց թողնում դատարանները, դա խոսում է այն մասին, որ որևէ կապ հնարավոր տարբեր դատարանների հետ բացակայում է։ Այո, դատարանը կայացրել է որոշում, որից կարող ենք դժգոհել, բայց այդ որոշումը կայացրել է դատարանը, իսկ արդարադատության նախարարը ունի այլ ֆունկցիոնալ նշանակություն և իր գործառույթների շրջանակում կապահովի խափանման միջոցի իրականացումը»,- ասաց նա:
Նախարարը նաև անդրադարձավ այն խոսակցություններին, թե առաջիկա ընտրությունների համար իշխանության հույսը կրիմինալ դաշտն է․ «Չկա նման բան։ Ցանկացած Կառավարության հույսը ընտրություններում հաղթելու կամ պարտվելու ընտրազանգվածն է, հետևաբար ընտրությունների հետ կապված հաջողություն գրանցելու առումով առաջնային նախապայմանը կատարված աշխատանքն է»։
Հիշեցնենք՝ Ռուստամ Ստեփանյանը կալանքից ազատ է արձակվել փետրվարի 26-ին։ Այդ մասին հայտարարությունը տարածել էր Ստեփանյանի պաշտպան Գեղամ Հակոբյանի փաստաբանական գրասենյակը։ Կիրառվել է այլընտրանքային խափանման միջոց: