ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է ՀՀ-ում Էստոնիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին:
Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:
ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ Ժաննա Անդրեասյանը ողջունել է դեսպանին և կարևորել երկու բարեկամական երկրների միջև փոխհամագործակցության զարգացումը, ինչպես նաև կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության բնագավառներում համատեղ ծրագրային նախաձեռնություններ իրականացնելու հնարավորությունը՝ ի շահ երկկողմ հարաբերությունների ամրապնդման և խորացման:
Ընդգծելով արդեն իսկ առկա համագործակցությունը՝ ԿԳՄՍ նախարարն անդրադարձել է Հայաստանում Էստոնիայի միջազգային համագործակցության կենտրոնի (ESTDEV) ծավալած գործունեությանը: Նախարարը կարևորել է Կապանի 6 դպրոցում Կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոնի հետ համագործակցությամբ իրականացված ուսուցիչների կարողությունների զարգացման վերապատրաստման պիլոտային ծրագիրը, որի շրջանակում ուսուցիչները նաև ճանաչողական այց են կատարել Էստոնիա՝ ծանոթանալու կրթական ծրագրերին, դպրոցական փորձին ու կառավարման մոդելներին: Առանձին ուղղությամբ վերապատրաստումներ են անցկացվել նաև Լոռու ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնի մանկավարժների համար:
ԿԳՄՍ նախարարը ներկայացրել է Հայաստանում ընթացող կրթության ոլորտի մեծածավալ բարեփոխումները` ընդգծելով, որ միջազգային գործընկերների փորձը կարևոր նշանակություն ունի արդյունավետ բարեփոխումների իրականացման ճանապարհին:
Ժաննա Անդրեասյանն առաջարկել է դիտարկել միջբուհական համագործակցության զարգացման, ինչպես նաև համատեղ կրթահետազոտական ծրագրեր իրականացնելու հնարավորությունները, այդ թվում՝ երկկողմ և բազմակողմ ձևաչափով՝ ԵՄ «Էրազմուս+» և «Հորիզոն Եվրոպա» ծրագրերի շրջանակում։
Անդրադարձ է կատարվել նաև մշակույթի ոլորտում համագործակցությունը համատեղ ծրագրերի իրականացմամբ ակտիվացնելու հնարավորությանը: Ժաննա Անդրեասյանն առաջարկել է դիտարկել համատեղ ֆիլմարտադրության ծրագրերը՝ հաշվի առնելով ներդրումների մասնակի վերադարձի (cash rebate) հնարավորությունը: Կողմերը քննարկել են նաև միջթանգարանային, գրականության և արվեստի ոլորտներում համագործակցության զարգացման, Հայաստանի և Էստոնիայի երգչախմբային կազմակերպությունների միջև ուղիղ համագործակցության հնարավորությունները:
ՀՀ-ում Էստոնիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և ընդգծել, որ Էստոնիայի կառավարությունը մեծացրել է Հայաստանի հանդեպ ուշադրությունը՝ ընդգրկելով զարգացման առաջնահերթ գործընկեր-երկրների շարքում: Դեսպանը պատրաստակամություն է հայտնել ընդլայնելու համագործակցության զարգացման ծրագրերի շրջանակը:
Այս համատեքստում կողմերը կարևորել են նաև երկկողմ բարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպումը:
Հանդիպման ընթացքում քննարկվել նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: