«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լեւոն Քոչարյանի եւ Եռամարտի ֆեդերացիայի քարտուղար Սերգեյ Ասատուրովի գործով դատական նիստը չի կայացել Ասատուրովի դատապաշտպանների բացակայության պատճառով։
Ասատուրովի երեք դատապաշտպաններից ոչ ոք չէր ներկայացել նիստին։ Միաժամանակ պարզվել է, որ փաստաբան Արման Մաթեւոսյանն այլ աշխատանքի է տեղափոխվել, փաստաբան Արմինե Սարգսյանի հետ պայմանագիրը խզվել է, Արայիկ Ներսիսյանի բացակայության պատճառի մասին տեղեկություն չկա։
Դատախազը դատարանին խնդրել է միջոցներ ձեռնարկել հաջորդ նիստին դատապաշտպանի ներկայությունն ապահովելու համար։ Սերգեյ Ասատուրովը վստահեցրել է, որ հանրային պաշտպանի կարիք չկա, իսկ հաջորդ հանդիպմանը կփորձի ապահովել դատապաշտպանի ներկայությունը։
Հիշեցնենք, որ դատավարությունն ընթանում է Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում։ Լեւոն Քոչարյանը ձերբակալվել է 2023թ. սեպտեմբերի 22-ին Երեւանում ընդդիմության հանրահավաքի ժամանակ։ Ավելի ուշ նրան մեղադրանք է առաջադրվել ոստիկանի վրա հարձակվելու համար: Լեւոն Քոչարյանը նույն օրը բերման է ենթարկվել, ապա ձերբակալվել։
Մի քանի ամիս անց նա ազատ է արձակվել միայն պատգամավորի մանդատ ստանալուց հետո։ Քոչարյանի փաստաբանները պնդում են, որ վերջինս ոչ մի ապօրինի գործողություն չի կատարել՝ տեղի ունեցողը որակելով քաղաքական հետապնդում։
Հաջորդ նիստը կկայանա մարտի 24-ին, ժամը 16:00-ին։