Տաղանդավոր գրողը, սիրող տղամարդը, ռազմական և պետական գործիչը. մարտի 5-ից մեծ էկրանին կլինի «Վազգեն. վերջին սպարապետը» ֆիլմը

Մարտի 5-ից մեծ էկրան կբարձրանա «Վազգեն. վերջին Սպարապետը» ֆիլմը, որը պատմում է Ազգային հերոս, Սպարապետ Վազգեն Սարգսյանի կյանքի մասին՝ հիմնված իրական փաստերի վրա։

Մինչ այդ փետրվարի 24-ին տեղի ունեցավ ֆիլմի մամուլի ասուլիսը։

Սյուժեի առանցքում Վազգեն մարդն է, որդին, զգայուն հորեղբայրը, տաղանդավոր գրողը, սիրող տղամարդը, ռազմական և պետական գործիչը։ Ներկայացվում են նրա կյանքի գրեթե բոլոր փուլերը, որոնք միահյուսված են մեր երկրի նորագույն պատմության նշանակալի իրադարձություններին։

Կինոնկարի գլխավոր պրոդյուսերը և մտահղացման հեղինակը Վազգեն Սարգսյանի եղբոր դուստրն է՝ Նոնո Սարգսյանը։ Փետրվարի 24-ին լրագրողների հետ հանդիպմանը նա ասաց՝ ֆիլմն անվանել են «Վազգեն. վերջին սպարապետը», քանի որ Վազգեն Սարգսյանը 20-րդ դարի վերջին սպարապետն էր, և անվան ընտրությունը որևէ ենթատեքստ չունի։ «Վազգեն Սարգսյանը մահացավ 20-րդ դարի վերջին՝ 21-րդ դար մուտք գործելուց երկու ամիս առաջ, և չտեսավ 21-րդ դարը, որի մասին երազում էր»,-նշեց նա և հավելեց՝ Վազգեն Սարգսյանի մեջ շատ հույս և լույս կար, որն արտացոլվել է կինոնկարում։

Ստեղծագործական խմբի համոզմամբ՝ Վազգեն Սարգսյանը կարողացավ մարդկանց պարգևել հաղթանակի բերկրանքը, բայց ժամանակ չգտավ անձնական երջանկության համար՝ մենակ մնալով իր երազանքների ու ճակատագրի առջև։ Ֆիլմը հասցեագրված է և՛ փոքրին, և՛ մեծին, բոլոր նրանց, ում համար թանկ է Հայրենիքն ու նրա հաղթական էջերի մասին նվիրական հիշողությունն ու արժևորումը։

Ֆիլմը նկարահանել է Genetic Production-ը։ Գլխավոր պրոդյուսերը և մտահղացման հեղինակը Նոնո Սարգսյանն է, սցենարի հեղինակները՝ Լևոն Գալստյանն ու Արամ Կարապետյանը (Արամիս Տատու), որը նաև բեմադրող ռեժիսորն է, երաժշտության հեղինակը՝ Արմեն Մարտիրոսյանը, իսկ բեմադրող նկարիչը՝ Արմեն Ղազարյանը։

Սպարապետ Վազգեն Սարգսյանի դերում ՀՀ վաստակավոր արտիստ Խորեն Լևոնյանն է։ Հերոսի մոր՝ Գրետա մայրիկի կերպարը կերտել է հայտնի դերասանուհի Մարջան Ավետիսյանը, իսկ հոր դերում ՀՀ վաստակավոր արտիստ Ռոբերտ Հակոբյանն է, պատանի Վազգենի դերում Արտուշ Բաղդասարյանն է։ Ֆիլմում հանդես են եկել ՀՀ վաստակավոր արտիստ Լուիզա Ղամբարյանը, Մխիթար Ավետիսյանը և այլ սիրված դերասաններ։

«Ինձ շատ կարևոր կերպար էր բաժին հասել, որը կարևոր էր ոչ միայն Վազգեն Սարգսյանի ընտանիքի համար, այլև հայ ազգի, որովհետև իզուր չէ, որ ասում են՝ Գրետա մայրիկը բոլորի մայրիկն է։ Եթե Խորենին փրկում է նաև արտաքին նմանությունը Սպարապետին, որն ակնհայտ է, իմ դեպքում չափազանց դժվար էր, քանի որ ես ֆիզիկապես նման չեմ իմ կերպարին»,- անկեղծացավ դերասանուհի Մարջան Ավետիսյանը:

Նա նշեց, որ չափազանց բարդ ու պատասխանատու էր այս դերը, բայց հուսով է, որ այն հոգեկան ապրումների միջոցով, որ ունեցել է կերպարը կերտելիս, կարողացել է փոխանցել Գրետա մայրիկի մեծ սերը իր որդու, ընտանիքի և հայրենիքի հանդեպ:

Երբեք չէի մտածի, որ Խորենի մայր եմ խաղալու, մենք գրեթե նույն տարիքի ենք»,- նշեց Մարջան Ավետիսյանն ու հավելեց, որ ամսի 5-ին վախենալով է գալու ֆիլմի պրեմիերային:

Սցենարիստ Լևոն Գալստյանն էլ նկատեց՝ սերունդները չգիտեն Վազգեն Սարգսյանի գրականության մասին։ «Չեմ կարծում, որ նա գրասեր հասարակության շրջանում հայտնի է։ Ափսոսում եմ դրա համար։ Ուրախ եմ, որ ֆիլմը հնարավորություն կտա ծանոթանալու նրա գրականությանն ու որոշ պատառիկների, որոնք նրա կերպարի մի մասն են և բացում են նրա աշխարհայացքի ու մտածողության նոր շերտեր։ Նրա գրականությունը շատ բազմաշերտ է։ «Ոգու փորձություն» ժողովածուում կա առնվազն 6-7 ստեղծագործություն, որոնք կմնան հայ գրականության էջերում», — նշեց Լևոնը։

Ֆիլմի տնօրենն Արմենուհի Ստեփանյանն է, ով նախագծին միացել է առաջին իսկ օրից։ «Միասին հավաքել ենք ստեղծագործական թիմին։ Մեր նպատակն էր՝ ընտրել լավագույններին։ Համոզված եմ՝ ստացվել է։ Եղել են շատ դժվարություններ, ծանր և ուրախ օրեր, լարվածություն, բայց հաղթահարել ենք այդ ամենն ու այսօր այստեղ ենք։ Անհամբեր սպասում ենք ֆիլմը ներկայացնել ոչ միայն հայ հանդիսատեսին, այլև՝ դրսում։ Այս ֆիլմը մեր պատմության, արժեքների և անցած ճանապարհի մասին է։ Այն ներկայացնելու ենք նաև միջազգային հարթակում։ Հնարավորություն ենք ունենալու աշխարհին ներկայացնել հայի կերպարն ու հայկական պատմությունը», — ամփոփեց Արմենուհին։

Genetic Production-ի գործունեության գլխավոր նպատակն է արվեստի լեզվով ցույց տալ հայի ինքնությունը, ստեղծարար էությունը, նրա պայքարող և հաղթող ոգին՝ մեր պատմության ականավոր գործիչների, հեղինակավոր մարդկանց օրինակով։ Genetic Production-ը հիմնադրվել է 2024 թվականին։

Լրահոս

Օրացույց

Մայիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031