Խոջալուի շրջանում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորվել, Բաքուն Երևանին է մեղադրում

«Ադրբեջանական տարածքներում Հայաստանի կողմից տեղադրված ականները շարունակում են վտանգ ներկայացնել խաղաղ բնակչության համար», — հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարությունը՝ նշելով, որ Խոջալուի շրջանում ականի պայթյունից ևս մեկ բնակիչ է վիրավորվել, և որ «ականի պայթյունից այդ շրջանում՝ 2020-ի պատերազմի ավարտից ի վեր զոհերի թիվը հասցել է 383-ի»։

«Հաշվի առնելով հումանիտար լուրջ հետևանքները և ականների շարունակական առկայությունը, որ խոչընդոտում է խաղաղության և հաշտեցման ջանքերին, Ադրբեջանն ակնկալում է միջազգային հանրության համարժեք քաղաքական և գործնական աջակցությունն՝ ականազերծման գործում», — ասված է հայտարարությունում:

2023 թվականի դեկտեմբերի 7-ին Հայաստանի վարչապետի աշխատակազմի և Ադրբեջանի նախագահի վարչակազմի միջև բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն ձեռք բերվեց շոշափելի քայլեր ձեռնարկել՝ երկու պետությունների միջև վստահության կառուցման ուղղությամբ։ Այդ պայմանավորվածությունից վեց օր անց 32 գերիներ հայրենադարձվեցին Հայաստան։

Պաշտոնական Երևանն էլ 2024-ի հունվարի 26-ին ականապատ դաշտերի 8 նոր տեղեկամատյան հանձնեց Ադրբեջանին, սակայն Բաքվի արձագանքը խիստ բացասական և հեգնական էր․ Բաքուն պնդեց, թե պատերազմից հետո Հայաստանի տրամադրած քարտեզների ճշգրտությունն ընդամենը 25 տոկոս է՝ շեշտելով՝ վերջին տարիներին ականների պայթյունների ավելի քան 55 տոկոսը տեղի են ունեցել այն տարածքներում, որոնց վերաբերյալ Հայաստանը քարտեզներ չի տրամադրել։ Երևանն էլ արձագանքեց՝ ավելի լավ որակի քարտեզներ պարզապես չկան:

Լրահոս

Օրացույց

Փետրվարի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728