Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը դատապարտել է Երուսաղեմի իշխանությունների՝ Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի ունեցվածքը բռնագրավելու փորձերը։
«Մենք դատապարտում ենք այս արարքը` որպես կրոնական ազատության դեմ բացահայտ հարձակում և Երուսաղեմի սրբավայրերը կառավարելու պատմական ստատուս քվոյի տագնապալի խախտում»,- նշվում է խորհրդի գլխավոր քարտուղար, վերապատվելի պրոֆեսոր Ջերի Փիլայի հայտարարության մեջ։
Նախօրեին Երուսաղեմի Հայոց պատրիարքարանն ահազանգել է, որ Երուսաղեմի քաղաքապետարանը փորձում է բռնագրավել դարեր շարունակ Հայոց պատրիարքարանին պատկանող անշարժ գույքը, որպեսզի, իր իսկ պնդմամբ, բռնագանձի 1994 թվականից ի վեր համայնքային հարկերի համար գոյացած պարտքերը:
Երուսաղեմի Հայոց պատրիարքարանը, ի նշան բողոքի, ներկայացրել է վարչական հայց, որի լսումը նշանակված է 2025 թվականի փետրվարի 24-ին: