Երեկ՝ փետրվարի 19-ին, հրազենի գործադրմամբ սպանություն է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 23:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում և նույն վարչության Երևան քաղաքի քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ավան-Առինջից «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխվել հրազենային վնասվածքով մի քաղաքացի:
Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորն իրենց մոտ է տեղափոխվել հրազենային վնասվածքով, «սրտի կանգ» ախտորոշմամբ, որտեղ էլ արձանագրվել է կենսաբանական մահը:
Դեպքի փաստով քննչական բաժնում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Պարզվել է, որ մահացածն Ավան-Առինջ թաղամասի բնակիչ 45-ամյա Վահագն Մկրտչյանն է:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու, նրան և հանցագործության գործիք ատրճանակը հայտնաբերելու ուղղությամբ:
Նախնական տեղեկություններով՝ ոստիկաններն արդեն ունեն ենթադրյալ կասկածյալի ով լինելու մասին տեղեկություն: